Ես պաշտոնավարելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել եմ միլիոնավոր դոլարներ։ Դրանից առաջ իմ տղան 2001 թվականից զբաղվել է բիզնեսով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին՝ կասկածներ չկան, որ եթե Ռոբերտ Քոչարյանը նախագահ չլիներ, իր որդին միլիոնատեր չէր լինի, Քոչարյանը պատասխանեց․ «Այդ վարույթն այսօր դատարանում է և մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր։ Կոռուպցիա է, թե ոչ, այն որոշում է դատարանը, ընդունո՞ւմ եք չէ, որ դուք չեք, որ պետք է այդ գնահատականը տաք։
Մենք այդ ամենի համար ունենք հիմնավոր 100 տոկոսանոց փաստաթղթեր։ Այն թվերը, թե 200 մլն դոլարի հայց կա, բացարձակ սուտ է, ամբողջ պահանջը 22-23 միլիարդ դրամ է՝ բաժանած 4 ընտանիքի վրա, և եթե այս մեկը հիմնավորում ես, մյուսներն էլ են հիմնավորվում»,- ասել է Քոչարյանը և հավելել, որ գործող օրենքը համահունչ չէ եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը։









