Մադրիդի «Ատլետիկոյին», կարծես թե, հոգնեցրել են կատալոնական «Բարսելոնայի» կողմից հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու վերաբերյալ շրջանառվող ինսայդերական լուրերը։ Ի պատասխան՝ մադրիդյան ակումբի սոցիալական ցանցերում հեգնական հրապարակումներ են հայտնվել, որտեղ կատալոնացիների աստղեր Լամին Յամալը, Պեդրին և Ռաֆինյան պատկերված են «Ատլետիկոյի» մարզաշապիկներով՝ հայտնի ինսայդերների ոճով։
Անդրադառնալով անընդհատ շրջանառվող տրանսֆերային սագային՝ մադրիդյան ակումբը Յամալի տրանսֆերի համար որպես «պաշտոնական» առաջարկ նշել է Bad Bunny-ի համերգի 4 տոմս, ABC թերթի տարեկան բաժանորդագրություն և մեկ տոպրակ արևածաղկի սերմ: Մյուս ֆուտբոլիստների համար ևս հնչել են համանման անլուրջ առաջարկներ։ Ակումբը նաև ընդգծել է, որ այս կեղծ հրապարակումների պատրաստման համար պահանջվել է ընդամենը հինգ րոպե՝ ցույց տալով, թե որքան հեշտ է ժամանակակից մեդիադաշտում ստեղծել «ինսայդներ»:
Հիշեցնենք, որ այս սարկազմի պատճառը շրջանառվող այն լուրերն են, ըստ որոնց՝ «Բարսելոնան» Ալվարեսի համար առաջարկել է 100 միլիոն եվրո, մինչդեռ մադրիդյան ակումբն ակնկալում է առնվազն 130 միլիոն։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 հանդիպումներում դարձել է 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ընդ որում՝ ֆուտբոլիստն արդեն իսկ դիմել է ակումբին՝ ամռանը հեռանալու թույլտվություն ստանալու նպատակով:









