Կա մի պարզ ճշմարտություն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը գերակշիռ մասով հիմնված է սեփական արարքներն ու գործողությունները մարսելու սկզբունքի վրա։ Նա իրականացրել և իրականացնում է քայլեր, որոնց հիմքում ընկած է կարմիր գծերի հատումը։ Այդ քայլերից յուրաքանչյուրը կամ հակապետական է, կամ հակաժողովրդավարական է, կամ հակաբարոյական է, և այդպես շարունակ։ Մարսելու սկզբունքը քաղաքականության մեջ նշանակում է, որ եթե դրանով առաջնորդվողը կատարում է որևէ քայլ, որը նորմալ պետությունում ու հասարակությունում պետք է արժանանա համընդհանուր դատապարտման և խստագույն պատժի, բայց չի արժանանում, ապա կատարողը գոտեպնդվում է և անցնում հաջորդ՝ ավելի անթույլատրելի քայլին։ Ի դեպ՝ օրինակներն անսահմանորեն շատ են և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության ոլորտում, ընդ որում, դեպքերի մեծ մասում կա նաև պատճառահետևանքային կապ։ Նիկոլ Փաշինյանը, մարսելով դատարանները շրջափակելու հակաժողովրդավարական, հակաիրավական քայլը, ձեռնամուխ եղավ ՍԴ-ում իշխանության բռնազավթմանը։ Առաջին անգամ միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարների բաժանումը մարսելով՝ բյուջեի թալանի պրակտիկան դարձրեց ամենամսյա երևույթ։ Հայաստանը հռչակելով «ժողովրդավարության բաստիոն»՝ Փաշինյանը դիկտատորական հետևողականությամբ կենտրոնացրել է իշխանությունը։ Նա իր օրենսդրական անհեթեթություններով փաստացի գրավեց ՏԻՄ համակարգը՝ հնարավորություն ստանալով անձամբ ՏԻՄ ղեկավար նշանակել ընտրությամբ համայնքապետ չունեցող համայնքներում, իր անմիջական վերահսկողության տակ ստեղծեց ուժային մարմինների հսկա համակարգ՝ ՊՊԾ-ից մինչև արտաքին հետախուզական ծառայություն (դա անում է, որովհետև հաջողությամբ մարսել էր նախորդ անկարելիությունները)։
«Մարսողության» շարքից է նաև արցախյան հիմնախնդիրը «սեփական 0-ական կետից» սկսելու ցնդաբանությունը, դրանից առաջ հասցրած լինելով բանակցային գործընթացը խաթարել «Արցախը Հայաստան է, և վերջ» պոպուլիզմով, հետո նա փայլուն իրականցրեց նաև «տավուշյան Սարդարապատի» բեմականացումը, «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հռետորաբանությունը, որոնք առնվազն նպաստեցին 44-օրյա պատերազմին, ինչն էլ հենց դարձավ Նիկոլի «մարսողական մաստեր կլասը»։ Նա հորով-մորով արեց նաև Արցախի մեծ մասի կորուստն ու 5000 զոհերը, տասնյակ-հազարավոր հաշմանդամները, որովհետև պատերազմի ընթացքում հասցրել էր մարսել արկածախնդիր ռազմական գործողություններ հրահրելու սեփական ձախողումները։ Նշված շարքից են նաև արտաքին քաղաքական հարաբերությունների թյուրիմացությունները․ հիշում ենք, թե ինչպես Պուտինին չդիմավորելը որակվեց որպես «ինքնիշխանության մարմնավորում» ԵՄ ուղղված ծաղրից (ձեր առաջարկած օգնության չափ գումար կստանանք մեր մի քանի օլիգարխներին «թափ տալով»)՝ մինչև հակաչինական կրոնաքաղաքական շարժումներին անդամակցությունը։
Վերը նշված մարսողականության
սկզբունքով էլ Փաշինյանը գործում է պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն
փաստաթղթին միանձնյա համաձայնությունից՝ մինչև նույն բանավոր պայմանավորվածությամբ
տարածքների, Գորիս-Կապան ճանապարհի, Լաչինի շրջանի ու միջացքի հանձնում, Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության
ճանաչում, Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք առճակատման թատերաբեմի վերածում ու վերջինը՝
Մյունխենյան խեղկատակություն։
Ամփոփելով ընդգծենք, որ
Նիկոլի ախորժակը մեծ է, ագահության չափ մեծ, աննկարագրելի մեծ։ Արցախի հարցերը լուծված
համարելով՝ նա սեփական մարսողական համակարգը պատրաստում է Հայաստանի կլանմանը։
Արմեն Հովասափյան









