Foto

Պարո՛ն Սիմոնյան, եթե Ադրբեջանը պարզապես երջանիկ չէ, ապա Արցախում ու Հայաստանում, մեղմ ասած, տխուր են

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան՝ Հայաստանին ու Արցախին՝ քաղաքական առումով: «Այո՛, մենք տուժեցինք, այո՛, մենք ծանր ենք տանում, այո՛, մենք խնդիրներ ունենք, բայց քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ», - ասել է ԱԺ նախագահը: Ըստ նրա՝ Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում օգտագործել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«Չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու: Առնվազն խոստանում եմ, որ իրենք դրանից երջանիկ չեն լինելու»: Սիմոնյանի խոսքով՝ միջազգային առումով Հայաստանը բավականին մեծ հաջողություններ է գրանցում:

Այսինքն՝ Ադրբեջանն ավելի շատ է տուժել, քանի որ երջանիկ չի լինելո՞ւ։ Իսկ Ալեն Սիմոնյանը ոչ երջանիկ արբեջանցի տեսե՞լ է՝ առնվազն՝ բնապահպաններից կամ Ալևիների ընտանիքից։

Հաագայի դատարանի որոշմամբ Արբեջանին, ոչ թե պարտվորեցրել են ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, այլ՝ չխոչընդոտել։ Իսկ է մինչ այդ Ալիևը խոչընդոտո՞ւմ էր, գոնե նման մի փաստ Հայաստանը Հաագայի դատարանին ներկայացրել է, թե՞ դրանք մերժվել են ապացույցների բացակայության հիմքով։ Ալիևի հետ հանիպման ժամանակ վաչապետ Փաշինյանն այդ փաստերին անդրադարձե՞լ է։ Ընդ որում՝ այդ նույն Հաագայի դատարանում նույնիսկ այդ չխոչընդոտելու մասով որոշումը կատարելու ժամկետ նշված չէ։

Այդ «դժբախտ» ադրբեջանիցները և հատկապես այդ երկրի քաղաքական վերնախավը շարունակում են ընդդեմ Հայաստանի և Արցախի գործողությունները։ Այսօր Բայրամովն ու Չավուշօղլուն փակ հանիպում են ունեցել, իսկ Հայաստանում 4 օր է՝ չեն կարողանում պարզել, թե Արցախի անունից ո՞վ է բանակցել Ադրբեջանի հետ։

Եվ վերջապես, պարո՛ն Սիմոնյան, եթե Ադրբեջանը պարզապես երջանիկ չէ, ապա Արցախում ու Հայաստանում, մեղմ ասած, տխուր են։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան