Foto

Սանկտ Պետերբուրգում Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:

Մայիսի 21-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ կայացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները, այդ թվում՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքները:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով խորհրդի անդամներին, նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ներքո, ներառյալ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի:

***
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացում:

Նրա խոսքով հռչակագիրը վերահաստատել է կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաեւ միմյանց նկատմամբ ուժի կիրառման եւ թշնամանքի բացառումը:

«Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները. սահմանին այլեւս չեն զոհվում մարդիկ, ինչը կարեւոր հիմք է տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության եւ փոխադարձ վստահության ամրապնդման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը: