Foto

Աչքի սուրմա թռցնողը


Հանճար լինել կամ առանձնակի մեծ տաղադ պետք չէ, որպեսզի հասկանանք մի տարրական ճշմարտություն․ վերջին հինգ տարիներին Նիկոլ Փաշինյանի իրականացրած արտաքին քաղաքականության ամենահաստատուն հատկանիշն անկայունությունն է։ Հայաստանի իրականացրած արտաքին քաղաքականությունը սիտուատիվ (իրավիճակային) դիվանագիտություն է՝ շաբաթվա կենտ օրերին արտաքին քաղաքական մի կողմնորոշումը շաբաթվա զույգ օրերին միանգամայն հակադիր կողմնորոշմամբ փոխարինելու հաջորդականությամբ։ Իսկ ամենաողբերգականն այն է, որ նման արտաքին քաղաքականության մեջ ամենահաճախ կիրառվող միջոցը խաբեությունն է, որովհետև առանց ստի հնարավոր չէ նման շրջադարձեր կատարել։

Իրականում ասվածն ավելի շատ աչքկապոցի է, քան դիվանագիտություն, որովհետև դրա հիմքում ընկած է նույնպիսի պարզամիտ խորամանկություն, որպիսին կիրառում են փողոցներում մատնոցներ ֆռռացնողները։ Ընդ որում, ինչպես նրանց, նույնպիսի արտաքին քաղաքականություն իրականացնողին էլ թվում է, թե իր խաբեության մասին գիտի միայն ինքը և իբր կարողանում է մոլորեցնել բոլորին, մինչև այն պահը, երբ հայտնվում է առաջին «ուչաստկովին»։ Ճիշտ նույն վիճակում Նիկոլ Փաշինյանը դրել է Հայաստանին, որի հետ հարաբերվող բոլոր պետությունները գիտեն նրա խաբեբայության մասին, բայց լռում են՝ ամեն մեկն իր իմացածն իր շահին ծառայեցնելու մղումով։ Դա տևելու է այնքան, մինչև բոլորը ստանան իրենց հասանելիքը։

Փաշինյանը նման արտաքին քաղաքականություն է իրականացնում ոչ միայն ստի ու կեղծիքի նկատմամբ պաթոլոգիկ հակվածության պատճառով։ Բոլորին մոլորեցնելու իր ծիծաղելի փորձերով նա ինքը մեծագույն մոլորության մեջ է. նրան թվում է, թե արարողակարգային ելույթներում գեղեցիկ բնորոշումներով ներկայացվող քաղաքակրթական արժեքները կարելի է դնել նաև պետության արտաքին քաղաքականության հիմքում։ Իրականում, սակայն, արտաքին քաղաքական օրակարգը ձևավորվում է պետական շահերի, և, ցավոք, ոչ քաղաքակրթական արժեքների հիման վրա։ Պետական շահերն իրենց հերթին՝ կրում են բացառապես օբյեկտիվ իրականության ազդեցությունը՝ սկսած աշխարհագրությունից, մինչև աշխարհաքաղաքականություն։ Պետական շահը և զգացմունքայնությունը հակացուցված են, ինչպես որ, ցավոք, անհամատեղելի են պետական շահերն ու բարոյականությունը։

Ցանկացած պետության համար, իհարկե, երանելի է սեփական արտաքին քաղաքականությունն ամբողջովին համապատասխանեցնել քաղաքակրթական ընտրությանը, բայց, որպես կանոն, այդպիսի երանություն պետությունները չեն ունենում, հատկապես՝ փոքր ու խոցելի երկրները։ Եվ հակառակը՝ քաղաքակրթական ընտրության և գործնական քաղաքականության հետ նույնացումը կարող է կործանարար լինել, եթե հաշվի չեն առնվում միջավայրային այն գործոնները, որոնք իրենց բնույթով հակամետ են այդ քաղաքակրթական ընտրությանը։ Քաղաքական ու քաղաքակրթական կողմնորոշումների պարագայում, սակայն, կա հետաքրքիր առանձնահատկություն, որը նաև հնարավորություն է։ Ի դեպ գործնական արտաքին քաղաքականությունը չի պարտադրում նույնական քաղաքակրթական ընտրություն, և հակառակը՝ կարելի է որպես պետություն ու հասարակություն ունենալ քաղաքակրթական միանգամայն տարբերվող արժեքներ ու հավատամք, քան այն ուղղությունը, որն արդեն քաղաքական հարթությունում ընտրում է պետությունը։ Բանն այն է, որ քաղաքական և քաղաքակրթական կողմնորոշումների միջև սահմանագծերը շատ զգայուն են, հաճախ անտեսանելի։

Ասել է թե՝ միայն իրապես պետության շահերով առաջնորդվող իշխանություն, ավելի լայն իմաստով՝ էլիտաներ ունենալու դեպքում է հնարավոր վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը չի վնասի հասարակության համար գերադասելի համարվող քաղաքակրթական արժեքներին, և մյուս կողմից՝ հնարավորություն կտա դավանել այդ արժեքներն այնպես, որպեսզի դա չվտանգի գործնական արտաքին քաղաքականությանը։ Այսքանից հետո մտածել, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ունակ են իրականացնելու այդպիսի բարդ, բազմաշերտ ու բազմագործոն առաջնորդություն, նշանակում է հավատալ մատնոցով գումար շահելու հնարավորությանը կամ խաղատան ջեք փոթը շահելու մոլորությանը։

Արմեն Հովասափյան