Foto

Բրյուսել-Մոսկվա տրանզիտ

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև բանակցային ձևաչափը վերականգնվի, այս մասին ակնարկել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցություններում՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում: Փոխանցելով Էնթոնի Բլինքենի կարծիքը, ով Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում նախաձեռնել էր երկու երկրների ղեկավարների բանակցությունները՝ Փրայսն ասել է, որ սա կողմերի ներգրավվածության արդյունքն է:

Ընդգծենք, որ Մյունխենում կայացած Անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և պաշտոնական հանդիպում՝ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես փոխանցում է պաշտոնական աղբյուրը՝ Փաշինյան-Միշել հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերին: Ալիևը և Միշելը Մյունխենում կայացած բանակցություններում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ «Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Բրյուսելի խաղաղ գործընթացի շուրջ»,- ասվում էր ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Ալիևը նշել էր, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների բրյուսելյան ձևաչափին։ Միշելն իր հերթին՝ ընդգծել էր, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Եթե մի քանի բառով անդրադարձ կատարենք բրյուսելյան գործընթացին, ապա նոյեմբերի վերջին Ալիևը Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ»։ Ըստ էության՝ ադրբեջանական կողմը, դատելով Ալիևի հռետորաբանությունից, մերժում է Մակրոնի միջնորդությունն այս գործընթացին, և եթե Հայաստանը իսկապես պատրաստվում է մեկնել Բրյուսել Միշելի միջնորդությամբ բանակցությունների, հարց է առաջանում, թե ինչու էր դեռևս նոյեմբերին հայկական կողմը Մակրոնի մասնակցության պատճառաբանությամբ մերժում բրյուսելյան հարթակը և կամ ինչու է ներկայումս համաձայնել մասնակցել, եթե Մակրոնը չկա այդ ձևաչափում՝ Պրահայի քառակողմ ձևաչափի նմանությամբ: Եվ ընդհանրապես այլևս վաղուց հասկանալի չէ, թե հայկական կողմն ինչ պատճառաբանություններով է մերժում կամ ընդունում միջնորդների՝ հայ-ադրբեջանական հանդիպումներ անցկացնելու հրավերը: Ի դեպ՝ նույն կերպ հայկական կողմը մերժեց դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվող Միրզոյան-Լավրով-Բայրամով բանակցությունները Լաչինի միջանցքի փակման պատճառով: Դրան զուգահեռ՝ Լաչինի միջանցքն այսօր էլ շարունակում է փակ մնալ, սակայն հայկական կողմն ընդունում է Բլինքենի հրավերը և կարծես համաձայնում աշխատել բրյուսելյան բանակցային հարթակում:

Եթե անկեղծ, ապա այս ամենին չկա ավելի խորը բացատրություն, քան այն, որ հարավկովկասյան հակամարտությունները դարձել են աշխարհաքաղաքական առճակատման և քաշքշուկի առարկա: Ըստ էության՝ կողմերը, գործընթացի բարդության պատճառով, փորձում են կա՛մ օգտվել ստեղծված իրավիճակից, կա՛մ չգրգռել աշխարհաքաղաքական կենտրոններին՝ անընդհատ փոխելով իրենց մոտեցումները՝ դրանով իսկ անսկզբունքայնություն դրսևորելով:

Տարիներ առաջ, մինչև Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ իրականացավ Ալիևի վաղեմի երզանքը և իր գոյությունը փաստացի դադարեցրեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, իրավիճակը չափազանց պարզ ու հասկանալի էր բոլորի համար, սակայն բոլոր ձևաչափերի փլուզման պարագայում տրամաբանական է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Գաղտնիք չէ, որ այսօր Արևմուտքը կողմերի հետ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիր» է նախապատրաստում, զուգահեռաբար ակնկալիքներ ունի Մոսկվան ու անընդհատ առաջարկներով է հանդես գալիս, և եթե կողմերից մեկին այլևս Բրյուսելի առաջարկը չբավարարի, բնականաբար, այս ամենում Մոսկվայի առաջարկը կդառնա ակտուալ, և այսպես շարունակ:

Արմեն Հովասափյան