Foto

Նիկոլի բարդույթների արմատը

Ցանկացած իշխանություն, ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա իր գործունեության ընթացքում կարող է սխալվել, բացթողումներ ունենալ, կանխամտածված կամ ոչ՝ խախտել օրենքներ։ Դա օբյեկտիվ իրականություն է ցանկացած իշխանության, անգամ ամենաիրավական ու կայացած պետության համար։ Բայց յուրաքանչյուր իշխանության գործունեության հավաքական գնահատականը, ի վերջո, այն համընդհանուր արդյունքներն են, որոնք արձանագրվում են դրա պաշտոնավարման շրջանում։ Հասկանալի է, որ այդ արդյունքները չեն կարող լինել ո՛չ միանշանակ դրական, ո՛չ էլ միանշանակ բացասական, որովհետև պետությունների կյանքում միարժեք երևույթներ չեն լինում։ Ահա այդ առումով որևէ իշխանության գնահատման համար պատմական հեռանկարի տեսանկյունից քննարկվում են այն գլոբալ արդյունքները, որոնք կարևոր են եղել պետության համար։

Հասկանալի է, որ ցանկացած հաջորդ իշխանության համար մեծ է գայթակղությունը՝ փորփրելու իր նախորդների գործունեությունը՝ հանցավոր պատմություններ բացահայտելու կամ հնարելու նպատակով, եթե այդ իշխանությունն առաջնորդվում է ոչ թե պետության, այլ իշխանության պահպանման շահերով։ Հենց այդպիսին է ՀՀ  այսօրվա իշխանությունը։ Խնդիրն այն չէ, որ նախորդ իշխանությունները չեն գործել սխալներ, բացթողումներ չունեն, բայց էլ ավելի կարևոր է, թե նախորդ իշխանությունների, ընդհանուր առմամբ անցյալի գնահատման ժամանակ ի՞նչ չափանիշներ են առաջադրվում և ի՞նչն է համարվում առաջնային։

Վերը շարադրածը հնարավորություն է տալիս գնահատել՝ ինչպիսի վերաբերմունք ունի գործող իշխանությունն այն ամենին, ինչն անվանում են ինստիտուցիոնալ հիշողություն։ Նիկոլ Փաշինյանին նախորդած երեք իշխանությունները՝ յուրաքանչյուրն իր սխալներով, բոլորը՝ իրենց արատներով հանդերձ, ժառանգություն են թողել ազատագրված Արցախ, արցախյան հակամարտության լուծման արժեքավոր բանակցային ժառանգություն, անվտանգ Հայաստան՝ ավելի կամ պակաս չափով կենսունակ համակարգերով, այդ թվում՝ բանակով, և այլն։ Այս երեք իշխանությունների թողած հավաքական ինստիտուցիոնալ հիշողությունը, կրկին, բոլոր թերություններով հանդերձ, հաղթական հիշողություն էր, որը պարունակում էր ազգային արժանապատվություն և հպարտություն։ Սակայն բոլորիս աչքի առաջ Փաշինյանի իշխանությունն այդ ինստիտուցիոնալ հիշողությունից ջնջել է հաղթականությունը, արժանապատվությունն ու հպարտությունը փոխարինեց ազգային նվաստացմամբ, պարտություններով, հազարավոր զոհերով, կորուստներով ու ամոթով։

Այստեղ կարևոր է մի առանցքային արձանագրումպետք է փաստենք, որ Նիկոլը միայն դրանով չի բավարարվել և ամենատարբեր քրեական գործերով հիմա դատում է բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել արցախյան պատերազմում տարած հաղթանակներում՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, մինչև Սեյրան Օհանյան ու Յուրի Խաչատուրով։ Բայց ավելի կարևոր է ոչ այնքան առանձին անհատների պատմությունը, որքան այս գործընթացի հավաքական նշանակությունը։ Իսկ դա իր հերթին հանգում է նրան, որ, նորանկախ Հայաստանի պատմությունից ջնջելով հաղթականությունը, Փաշինյանը, իր պատկերացմամբ, պատժում է բոլոր նրանց, ովքեր նպաստել են այդ հաղթանակին։ Նա առաջնորդվում է «չկա հաղթանակ, չկան նաև հաղթանակն ապահովածներ» կարգախոսով։

Թերևս կհամաձայնեք, որ, բոլոր թերություններով հանդերձ, այդ անցյալն ապահովել է այնպիսի արդյունքներ, որոնց համատեքստում որևէ զորամասի օտարման կամ նյութական այս կամ այն գործարքի վերհանումը նշանակում է նսեմացնել անցյալի արդյունքները։ Հնարավոր է՝ պեդանտության, իրավական ֆորմալիզմի տեսանկյունից անհրաժեշտ է հատ-հատ քննարկել անցած երեսուն տարվա պատմության բոլոր դրվագները։ Բայց պեդանտությամբ պետություն չեն կառուցում, ֆորմալիզմով ավելի հեշտ է քանդել պետությունը, ինչով էլ հիմա, ըստ էության, զբաղված է Նիկոլը։

Բացի իրավական նրբերանգներից, այս գործընթացն ունի քաղաքական ու հոգեբանական ասպեկտներ։ Պատերազմի ողբերգական ավարտից հետո Փաշինյանն ապրում է պարտվածի բարդույթով և նրա համար անձնական թշնամիներ են բոլոր նրանք, ովքեր կարողացել են չպարտվել, ովքեր հաղթել են։ Նիկոլ Փաշինյանը, ահա, պարտվել է նրանց, ում և ում նախորդներին հաղթել են Հայաստանի նախկին երեք իշխանությունները, և նրա մոտ ավելի մեծ բարդույթ է առաջացել ոչ այնքան՝ բուն Ադրբեջանից, այլ՝ բոլոր նրանցից, ովքեր, ի տարբերություն իրեն, չեն պարտվել Ալիևներին։

Ժողովուրդների պատմությունը ցույց է տալիս, որ, չնչին բացառություններով, դատում են պատերազմում պարտվողներին։ Հայաստանում, ինչպես հանրային ու պետական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, այս սկզբունքը նույնպես գործում է հակառակ տրամաբանությամբ։ Իսկ դա նշանակում է, որ, ի հեճուկս հաղթողներին չդատելու մասին պատմական օրինաչափության, Հայաստանում դատում են հենց հաղթողներին, ավելին՝ ճակատագրի ողբերգական հեգնանքով, դա անում են պարտվողները։

Արմեն Հովասափյան