Foto

Գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան պետությունից

Գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուները պետական բյուջեից աջակցություն կստանան: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

Փոխհատուցումը նախատեսված է այն գործատուների համար, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ։

Ինչպես ծրագիրը ներկայացնելիս նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, գործատուները փոխհատուցման գումարը ստանալու են ծրագրի ավարտից ու աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո։

Այդ առնչությամբ վարչապետը մտահոգություն հայտնեց, թե այդ դեպքում գործատուն կաշխատի շուտ դադարեցնել աշխատանքային հարաբերություննները, և մարդը նորից գործազուրկ կմնա։

Նախարարն էլ պարզաբանեց՝ խոսքը ոչ թե աշխատանքային հարաբերությունների, այլ ծրագրի ժամկետի ավարտի մասին է։

Ծրագրից օգտվելու պարտադիր պայմանն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալն է ու վերջին 3 ամսում որևէ վճարվող աշխատանք չունենալը։

Շահառուների տարիքային բաժանման համար կառավարությունը հիմք է ընդունել «Ամերիա» և «Սիվիտտա Հայաստան» խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված աշխատաշուկայի ուսումնասիրությունը։

Նշվում է, որ աջակցության չափը և տևողությունը պայմանավորված կլինի աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով։

Այսպես, օրինակ, մինչև 5 տարեկան երեխա ունեցող մայրերը ծրագրից 3 ամսով ավելի երկար օգտվելու արտոնություն կստանան, քան երեխա չունեցողները, կամ 5 տարեկանից բարձր տարիքի երեխաների ծնողները։

16 - 29 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %, բայց ոչ ավելի, քան ամսական 15 000 դրամ` 3 ամիս ժամկետով։

30 - 45 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 30 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 000 դրամ, փոխհատուցման ժամկետը 6 ամիս է։

46 - 62 տարեկանների դեպքում եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 20 000 դրամ` 9 ամիս ժամկետով։

Իսկ 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց դեպքում փոխհատուցումը կկազմի եկամտային հարկի 70 %–ը, բայց ոչ ավելի, քան ամսական 21 000 դրամ` 6 ամիս ժամկետով։

Միջոցառման շրջանակում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուների համար սահմանված է եկամտային հարկի 100 % փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ։ Փոխհատուցման ժամկետը 1 տարի է։

Իսկ այն գործատուները, որոնք նման աշխատողների համար խելամիտ հարմարեցումներ կանեն աշխատավայրում, կստանան կատարված ծախսերի միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500 000 դրամի չափով։
Կառավարության հաստատած նոր կարգն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կգործի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։