Foto

Առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները

Նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը և որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումն է, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ տեխնոլոգիական զարգացմանը եւ թվային ծառայությունների աճին զուգահեռ՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները, այն դարձնել սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային գործիք, որով հնարավոր կլինի ապահովել նույն գործառույթների առավել հեշտ եւ ժամանակակից ուղիներով իրականացումը:

Մասնավորապես առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին եւ էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում:

Առաջարկվում է նաեւ սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման ու հաշվառումից հանման կարգը, կիրարկման կանոնները: Հստակեցվել են նաեւ գործունեության այն ոլորտները, դեպքերը եւ ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի նախագծով սահմանվող կարգավորումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների սպասարկման վճարին:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: