Թերևս իրավացի կգտնվեմ
ու ասվածս մտքի հետ շատերդ կհամաձայնեք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության բազմաթիվ առանձնահատկություններից
մեկը, Հայաստանի ապասուբյեկտայնացմանը զուգահեռ, սեփական անձի գերսուբյեկտայնացումն
է։ Նրա իշխանության անցած շուրջ 5 տարիների ընթացքում Հայաստանը՝ որպես
պետական կազմավորում, բովանդակորեն գրեթե ամբողջությամբ կորցրել է իր սուբյեկտայնությունը՝
ինչպես տարածաշրջանային, այնպես էլ, ու առավել ևս, միջազգային քաղաքականության ասպարեզում։
Ըստ էության՝ Հայաստանի
ողջ արտաքին քաղաքականությունը վերածվել է «սուվերենի փնտրտուք» հիշեցնող անարժանապատիվ
մրցության։ ՀՀ իշխանությունը՝ սեփական անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու
համակարգ կառուցելու փոխարեն, արդեն հինգ տարի զբաղված է «անվտանգության երաշխավորի»
փնտրտուքով, իրականում, թեկուզև ոչ արդյունավետ ու թերություններով, սակայն գոյություն
ունեցողի վարկաբեկմամբ, ու պատրանքային ավելի կատարյալի գովաբանությամբ, որը, սակայն,
այդպես էլ միս ու արյուն չի ստանում։ Ահա այս ողջ գործընթացն անդառնալիորեն նվազեցրել
է Հայաստանի սուբյեկտայնությունը, որովհետև սուվերեն որոնողի հետ որևէ իրեն հարգող
պետություն չի խոսում, ավելի արդյունավետ է խոսել սուվերենի թեկնածուների հետ, ինչպես
և վարվում են Հայաստանում ու ՀՀ շուրջ հետաքրքրություն ունեցողները։
Հաղտնիք չէ նաև այն, որ
արդի Հայաստանում իշխանության կենտրոնը Նիկոլն է․ նա է բոլոր որոշումները կայացնողը,
հպատակներին խրախուսողն ու ընդվզողներին պատժողը։ Գռեհկության բոլոր սահմաններն անցնող
նրա հրապարակային հայտնությունները՝ տասնյակ թիկնապահների ու հարյուրավոր ոստիկանների
տեսարաններով, ահա սեփական գերսուբյեկտայնության ցուցադրությունն են նաև։
Վերը նշված երկու զուգահեռ գործընթացները՝ Հայաստանի ապասուբյեկտայնացումը
և Փաշինյանի գերսուբյեկտայնացումը, հակադարձ համեմատական են, այսինքն՝ որքան թուլանում
է Հայաստանը՝ որպես սուբյեկտ, այնքան ավելի է ամրապնդվում Փաշինյանը՝ որպես իշխանություն
կրող սուբյեկտ։ Այսինքն՝ տեղի է ունենում անձնիշխանության ձևի գերհզորացում՝ ի հաշիվ
պետության քաղաքական բովանդակության։
Ասվածից բացի կարևոր է
արձանագրել, որ ձևականորեն ուժեղացող իշխանությունն, ըստ էության, դատարկ է բովանդակորեն,
քանի որ սուբյեկտայնությունից զուրկ պետության մեջ իշխանություն ունենալը նման է ուրիշին
պատկանող ավտոմեքենա վարելուն։ Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի համար իշխանության
ձևի ու պետության բովանդակության այս այլասերումները որևէ նշանակություն չունեն, քանի
որ նրան հուզում է հենց այդ ձևը և ոչ երբեք՝ բովանդակությունը։ Ավելին, գուցե նա անգամ
չի գիտակցում սեփական իշխանության կոմիզմը: Հնարավոր է՝ նա լուրջ է ընդունում զգաստ
կանգնող նախարարների ու պատիվ տվող գեներալների պատկերը և դա համարում է իրական
իշխանության արտահայտություն։
Արմեն Հովասափյան









