Foto

Առողջապահության նախարարը վստահ է՝ Ամուլսարի հանքը կշահագործվի ստանդարտներին համապատասխան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է` բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված, որ բնակչության առողջական վիճակը չվատանա:

«Ես վստահ եմ ու վստահեցնում եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են ու ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է: Մենք մշտապես հետևում ենք ոչ միայն տվյալ, այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին ու դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատականներ ենք հնչեցնում», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նա:

Նախարարի խոսքով՝ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն ու հնարավորություններն օգտագործվել են` ապահովելու անվտանգ ու  ստանդարտներին համապատասխան շահագործում:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան: 

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը: