Foto

Լավորվի բացահայտ ժեստը

Ինչպես հայտնի է օրերս Սերգեյ Լավրովն իր հարցազրույցում մի քանի բացվածք տվեց Ղարաբաղյան հիմնահարցի պատմությանը, ներկայիս իրավիճակին ու ՌԴ անելիքների վերաբերյալ, մեկնաբանեց որոշ դետալներ, որոնք, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալվեց հայաստանյան քաղաքական, փորձագիտական շրջանակների ու հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի կողմից։

Մասնավորաբար իր խոսքում Սերգեյ Վիտորովիչը նշել էր«Երբ բռնություն բռնկվեց անցյալ տարվա սեպտեմբեր ամսին, այնտեղ երկու կողմից մոտավորապես 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես ստացանք Հայաստանի խնդրանքը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձագետների հատուկ առաքելության հետ մեկնեց սահման և բերեց ՀԱՊԿ առաքելության տեղակայման պլան ՀՀ-ի այն հատվածներում, որոնք սահմանակցում են Ադրբեջանի Հանրապետության հետ։ Այդ պլանը բավականին վաղուց պատրաստ էր, բայց ինքնին հայկական կողմը մեզ չէր շտապեցնում և արդյունքում արդեն Երևանում կայացած գագաթնաժողովում մենք ավարտեցինք համապատասխան որոշման տեքստի մշակումը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ իրենց այդ որոշումը հարկավոր է միայն այն դեպքում, եթե դրանում կատեգորիկ կերպով դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան ոչ բոլորն էին պատրաստ համաձայնել ոչ այն պատճառով, որ պատրաստվում էին ինչ-որ մեկին պաշտպանել, ինչ-որ մեկին՝ չպաշտպանել, պարզապես այս ողջ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը գնում է տասնամյակների խորք»։

Ինչպես հայտնի է՝ հայ-ռուսական հարաբերություններն ապրում են պատմական ամենաճգնաժամային փուլը, որում մեծ ավանդն ունեն ՀՀ իշխանությունները, ինչպես նաև ռուսական կողմը, որն ուկրաինական պատերազմի պայմաններում հայտնվել է թուրք-ադրբեջանական տանդեմից էական կախվածության մեջ, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների հետևողական հակառուսական ջանքերի շնորհիվ։ Սակայն ՌԴ ԱԳ նախարարը, ում բոլոր հանրային ելույթները, հարցազրույցները հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում «մանրադիտակի» ներքո են ուսումնասիրվում, անկեղծ չէ առնվազն մի քանի դրվագով։

Հիմա մի քանի ընդգծում այդ առիթով․ նախ սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը ոչ թե «բռնկված բռնություն» էր, այլ հարձակում ՌԴ ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ Այս ֆոնին գուցե բացատրելի է, բայց հայաստանյան հանրության համար ընկալելի ու ընդունելի չէ, թե ինչու գոնե ՌԴ-ն տեղի ունեցածը չանվանեց իր անունով, եթե նույնիսկ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի նվիրյալ գործընկեր երկրներ։ Թեև այս հանգամանքը չի արդարացնում այդ հանգամանքով պայմանավորված ՀԱՊԿ աջակցության առաջարկը մերժելու ՀՀ իշխանությունների որոշումը։ Ըստ էության՝ Լավրովն նաև անկեղծ չէ բանակցային պատմության առումով, քանի որ ինչպես հայտնի է՝ Կազանի փաստաթուղթը հայկական կողմը չէ, որ տապալել է։

Ի դեպ՝ Կազանի փաստաթղթի ստորագրման տապալման մասին շատ է խոսվել ամենաբարձր մակարդակներով և Լավրովը, միանշանակ, ամենալավատեղյակներից է, թե ինչպես է տասնյակ տարիներ ադրբեջանական կողմը տարատեսակ պատճառաբանություններով փակուղի մտցրել բանակցային գործընթացը, և այս դեպքում հայկական կողմը չէ, որ եղել է ապակառուցողական։ Մեծ մանիպուլյացիա կա նաև Ալմա Աթայի հռչակագրի շուրջ, որը պաշտոնապես պետք է մեկնաբանեն ՀՀ իշխանությունները, (անհարկի մեկնաբանություններ թույլ չտվողը ՀՀ իշխանությունները պետք է լինեն)։ Առաջինը հերթին այդ փաստաթուղթն ընդհանրապես չպետք է հայտնվեր Պրահայի սեղանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտեքստում, քանի որ այդ փաստաթուղթը դրա հետ որևէ առնչություն չունի, և հայկական կողմն այն վավերացրել էր վերապահումով հենց Ղարաբաղյան հարցով պայմանավորված։ Ընդհանրապես Արցախի կարգավիճակի հարցի բանաձևողը միջազգային հանրության և հայաստանյան հասարակության, համայն հայության համար պետք է լինեին ՀՀ իշխանությունները, այնինչ կարգավիճակի հարցից ՀՀ իշխանությունները հրաժարվել են, հարցը իջեցնելով իրավունքների ու անվտանգության ապահովման մակարդակի։ Ավելին, ՀՀ անատամ իշխանությունների դիրքորոշումն է հենց թույլ տալիս Ալմա Աթայի հռչակագիրը մեկնաբանել այնպես, ինչպես աշխարհաքաղաքական պահի նպատակահարմարությունն է թելադրում։

Իսկ, եթե դուրս գանք էմոցիանալ տիրույթից, ապա ակնհայտ է, որ Լավրովի խոսքը հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բացասական ֆոնի արտահայտությունն էր։ Եվ հատկանշական է, որ այդ ֆոնը ձևավորվել է ոչ միայն և ոչ այնքան ռուսական կողմի ջանքերով։

Արմեն Հովասափյան