Հայաստանյան մերօրյա իրականության
ամենալուրջ խնդիրներից մեկը, թերևս, անհամաչափությունն է՝ բառի ուղիղ և փոխաբերական
իմաստներով։ Մենք ապրում ենք միաժամանակ մի քանի իրականություններում, որոնք հաճախ
ոչ միայն ընդհանրություններ չունեն, այլև հակասում են իրար, ավելի հաճախ՝ մեկը ապրում
է մյուսի հաշվին։ Այդ իրականություններն իրարից տարբերողը, ի թիվս այլ հատկանիշների,
բայց առաջին հերթին ու առավելապես՝ անհամաչափությունն է։ Մասնավորապես, մի տեսակ յուրահատուկ
տիեզերական անհամաչափություն կա, օրինակ, նվազագույն անհրաժեշտություններով իսկ չկահավորված
սահմանային դիրքերի ու Երևանում տեղաշարժվող Նիկոլ Փաշինյանի անվտանգության միջև։
Ըստ էության՝ ասվածի կենտրոնում
մարդն է՝ մի դեպքում՝ թշնամու դեմ դիմաց կանգնած զինվորը, մյուս դեպքում՝ տանիքներին
կանգնած դիպուկահարների նշանակետերի ներքո վախվորած տեղաշարժվողը․ երկու ՀՀ քաղաքացիներ։
Հայկական պետությունը, սակայն, քաղաքացիներից մեկի անվտանգության համար գրեթե ոչինչ
չի ծախսում՝ մատնելով բախտի ու թշնամու դիպուկահարի քմահաճույքին, մյուսի անվտանգությունն
ապահովում է տասնյակ թիկնապահներով, հարյուրավոր ոստիկաններով՝ տարածքի քամու շարժն
իսկ հսկելով դիպուկահարների կողմից։ ՀՀ երկու քաղաքացիների, նրանց անվտանգության միջև
ահա կա օվկիանոսաչափ անհամաչափություն, որը ջարդուփշուր է անում «բոլորի հավասարության
մասին» ցանկացած զառանցանք։
Գաղտնիք չէ, որ 120.000
մարդ Արցախում ավելի քան 70 օր գտնվում է հումանիտար ճգնաժամում, առանց սննդի ու դեղորայքի,
նույն օրերին դիպուկահարներով պաշտպանվողը խնջույք է կազմակերպում հարազատ քաղաքում,
իսկ նրա ընտանիքի անդամները ցուցանում են ճաշակած կերակուրների բազմազանությունն օտար
ափերում։ Անհամաչափության ցցուն օրինակներն անհաշվելի շատ են, դրանց թվարկումից երևույթի
անբարոյականությունը միայն աճում է։
Եթե անկեղծ, ապա խնդիրը
տվյալ դեպքում մարդկանց հավասարության պարզագույն դեմագոգիան չէ։ Այս անհամաչափություններն
անգամ քննարկելի չէին լինի, եթե վերաբերեին կամայական ՀՀ քաղաքացիներին։ Բայց ահա սրանք
հատկապես քննարկելի են այն պատճառով, որ կողմերից մեկի կայացրած որոշումների արդյունքում
մյուսների կյանքի անհամաչափությունը սոսկալի մեծանում է, և դրա հետևանքները կրում են
ոչ թե որոշում կայացնողները, այլ բոլոր նրանք, ովքեր ամեն օր հեռուստատեսությամբ հետևում
են իրենց կյանքում աճող անհամաչափության շքահանդեսին։
Ակնհայտ է, որ իշխանությունը,
որի անդամներն անձամբ չեն կրում իրենց իսկ կայացրած որոշումների հետևանքները, կտրվում
է կյանքից ու հասարակությունից, ապրում է զրահապատ իրականությունում, որտեղ չեն հասնում
ո՛չ թշնամական գնդակները, ո՛չ էլ հուսահատությունից ողբացող ձայները։ Իսկ դա մեծացնում
է անհամաչափությունը, որը հանրային կյանքում խնդրահարույց էր համարվում անգամ հին ժամանակներում։
Համաչափությունը պահպաեալու համար, օրինակ, շինարարն իր ընտանիքը նստեցնում էր իր կառուցած կամրջի տակ։ Պատկերացնելու
համար, թե ինչպես է այս համաչափությունը խախտվում Հայաստանում, բավական է իրար կողքի
դնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հրդեհված զորամասի ու Կառավարական առանձնատների
լուսանկարները, որով ժամանակին այդքան սիրում էր հպարտանալ Փաշինյանը։
Արդի աշխարհում առաջնորդության
ուսումնասիրությամբ զբաղվող հոգեբանական տեսությունները պնդում են, որ երբ անհատը ստիպված
է նայել քաղաքացիների աչքերի մեջ, նրա վարքը փոխվում է։ Հենց այս հանգամանքով է բացատրվում
զարգացած ժողովրդավարություններում ՏԻՄ արդյունավետությունը, որոնց ներկայացուցիչները
գտնվում են քաղաքացիների հետ մշտական սոցիալական կոնտակտի մեջ։ Մեր մոտ, սակայն, ճիշտ
հակառակն է՝ «ժողովրդի ծոցից» իշխանության եկած Նիկոլն ամեն օրվա հետ մեկուսանում է
հասարակությունից, անում է առավելագույնը՝ բացառելու համար մարդկանց հետ որևէ սոցիալական
կոնտակտ, որը կարող է փոխել նրա վարքը։
Արմեն Հովասափյան









