Foto

Պերմանենտ բոյկոտ

Գաղտնիք չէ, որ բոյկոտը, ընդհանրապես քաղաքական բոյկոտը, քաղաքականության մեջ լայն գործարկվող ձևերից մեկն է։ Դրանով կարող են զբաղվել ընդդիմադիր քաղաքական ուժերը, իշխանությունը նույնպես կարող է բոյկոտել որևէ իրադարձություն, անգամ պետությունները՝ միջազգային հարաբերություններում, երբեմն  բոյկոտում են համաշխարհային այս կամ այն կառույցի աշխատանքը կամ որևէ միջոցառում։ Այն, գրեթե բոլոր դեպքերում, համարվում է դիրքորոշման արտահայտման ծայրահեղ, որպես կանոն՝ ապակառուցողական միջոց (մեկնաբանության հարց է)։ Մենք, սակայն, հիմա ապրում ենք իրականությունում, որում բոյկոտը ոչ թե ծայրահեղ միջոց է, բացառություն, այլ ամենօրյա կյանք, օրինաչափություն, որը դրսևորվում է ամենատարբեր ձևերով ու ամենատարբեր հարթություններում։

Մասնավորապես, տեսնում ենք, թե ինչպես է ընդդիմությունը գրեթե ամեն քառօրյայի ընթացքում բոյկոտում խորհրդարանի աշխատանքները, իշխանությունը բոյկոտում է ընդդիմության կազմակերպած լսումներն ու նախաձեռնությունները, պետությունը բոյկոտում է այն ռազմաքաղաքական կառույցի առաջարկած օգնությունը, որին պաշտոնապես մաս է կազմում և այլն։

Իսկ ավելի հաճախ բոյկոտվող այս քաղաքական իրականության անբաժանելի մաս է կազմում հասարակության չհայտարարված, բայց համատարած բոյկոտը պետական ու հանրային կյանքին, քաղաքականությանն ընդհանրապես։ Հենց այդ բոյկոտի արտահայտությունն է մեր չափից ավելի անհատականացված կյանքը, որում մարդկանց մեծամասնությունն առաջնորդվում է «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով՝ ներպարփակվելով սեփական ընտանիքում, լավագույն դեպքում՝ փոքր խմբային միջավայրերում՝ ակամայից բոյկոտելով այն ամենը, ինչը կապված է պետության հետ։ Արդյունքում՝ մենք ապրում ենք փոխադարձաբար բոյկոտվող ու իրարամերժ մի քանի իրականություններում՝ միմյանց բոյկոտող ընդդիմությամբ ու իշխանությամբ, երկուսին էլ բոյկոտող հասարակությամբ, որն իր հերթին՝ բոյկոտվում է քաղաքականությամբ զբաղվողների կողմից։

Պատահական չէ, որ ներքին կյանքում արտահայտվող այս տոտալ բոյկոտը տրանսֆորմացվում է նաև արտաքին հարաբերություններում։ Չնայած արտաքին մակերեսային ներգրավվածությանը, Հայաստանը բովանդակային առումով այլևս համաշխարհային քաղաքականության սուբյեկտ չէ և չհայտարարված միջազգային բոյկոտի արդյունքում վերածվել է օբյեկտի, որի շուրջ ակտիվ աշխարհաքաղաքական առևտուր է ընթանում։

Ամփոփելով կարող ենք ընդգծել, որ փոխադարձաբար և պերմանենտ բոյկոտվող իրականություններով ապրող պետությունը զուրկ է ոչ միայն զարգացման հեռանկարից, այլև լրջորեն վտանգում է անգամ ընթացիկ գոյությունը։ Հասարակությունը, դրա մաս կազմող իշխանական ու ընդդիմադիր քաղաքական միավորները, պետությունը, հանրային ամենատարբեր շերտերը, իրենց բազմազանությամբ հանդերձ՝ պետք է համաձայնություն ունենան պետության կյանքի գոնե մի քանի առանցքային հարցերի շուրջ։ Հայաստանում դա գործնականում բացակայում է և համաձայնությունը կայացել է միայն փոխադարձաբար իրար բոյկոտելու՝ լայն իմաստով, կյանքից արձակուրդ վերցնելու հարցի շուրջ։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ «արձակուրդից վերադառնալուց» հետո պետություն այլևս կարող է չլինել։

Արմեն Հովասափյան