Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նպատակով լրացում կատարել համապատասխան օրենքում՝ իրականացնելով էլեկտրոնային հսկողություն` «ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ»: Հսկողություն իրականացնող մարմինն էլ կլինի ներքին գործերի նախարարությունը։ Նախագծում նշվում է, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկա:
«Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը` կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու եւ բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով»:
Իրավապաշտպան Զարուհի
Հովհաննիսյանը ողջունում է այս նախագիծը և հույս հայտնում, որ ընտանիքում բռնության
արատավոր երևույթի կրկնությունը հնարավոր կլինի կանխել:
«Կարծում եմ՝ կարևոր
նախագիծ է», քանի որ որևէ կերպ հնարավոր չէ վերահսկել բռնարարի տեղաշարժը: Իրավապշտպաններս
այն համարում ենք ընտանիքում բռնության կանխարգելման լրջագույն մեխանիզմ: 2018թ-ից
ոստիկանությունը կարող է կիրառել անհետաձգելի միջոցառման մասին որոշում, եթե առկա է
բռնության ահազանգ: Այդ որոշման շրջանակներում անձը կարող է դուրս բերվել նույնիսկ
սեփական բնակարանից և որոշակի ժամանակ թույլ չի տրվում մոտենալ բռնության ենթարկված
անձին: Չկա մեխանիզմ, որ ոստիկանությունը կարողանա վերահսկել անձի մոտենալը, թերևս
միայն այն է, որ բռնության ենթարկված անձը զանգահարում է և հայտնում, որ բռնարարը մոտեցել
է իրեն: Այդ համակարգերը որոշակի առումով կկարողանան կանխատեսելի դարձնել բռնարարի
գործողությունները»,-նշեց իրավապաշտպանը:
Դիտարկմանը, որ այդ
դեպքում բռնարարի մյուս տեղաշարժերը ևս հասանելի են լինում ոստիկանությանը և, որ այն
կարո՞ղ է խնդիր առաջացնել անձի տեղաշարժի տեսանկյունից, Հովհաննիսյանն հակադարձեց,
որ այստեղ օրենքը ելնում է անվտանգության նկատառումներից, իսկ տեղաշարժի իրավունքն
ավելի ստորդաս է, քան այլ անձին վնաս պատճառելը: Անհետաձգելի միջամտությունը մասայաբար
կիրառվող որոշում չէ, եթե ոստիկանությունը գտնում է, որ դրա կարիքը կա, ապա կա նաև
սպառնալիքը: Ըստ մասնագետի՝ անընդունելի է կյանքի սպառնալիքի վտանգը ստորադասել տեղաշարժի
իրավունքին: «Բոլոր այն երկրներում, որտեղ կիրառվում է ընտանեկան բռնության օրենսդրություն,
ապա կան նաև կանխարգելող միջոցառումներ: Ավելին՝ որոշ երկրներում գոյություն ունի ընտանեկան
բռնարարների ռեաբիլիտացիոն պրոցես, որտեղ նրանց
պարտադրվում է մասնակցել այդ ծրագրերին, որպիսի հասարակության հետ շփման տեսակետից,
գնահատական տրվի՝ արդյոք նա անվտանգ է նույնիսկ ընտանիք կազմելու և իր կյանքը շարունակելու տեսակետից»,- եզրափակեց
մասնագետը:









