Foto

Այդ երկու անձինք որոշում են ողջ հայության ճակատագիրը. Մետաքսե Հակոբյան

Արցախում Սահմանադրական փոփոխությունների են պատրաստվում, անցում կկատարվի նոր՝ խորհրդարանական համակարգի: Համապատասխան փոփոխվող հոդվածը Արցախի ԱԺ-ի գլխադասային հանձնաժողովում է: Հիմնական պայքարը երկու թեկնածուների միջև է՝ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի: Փոփոխությունների անհրաժեշտության և պահի նպատակահարմարության մասին Vesti.am-ը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-         Ի՞նչ փոփոխություններ են սպասվում և արդյոք այն ընդունելի է Արցախ ընդդիմության և արցախցիների համար:

-         Դեռևս 2020թ  նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը հադես եկավ սահմանադրական փոփոխությունների պահանջով, քանի որ գործող Սահմանադրությունը չի համապատասխանում մեր երկրի գործող իրավիճակին և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ չունի: Գործընթացները սկսեցինք ընթացակարգին համապատասխան և ըստ դրա դեկտեմբերին պետք է հանրաքվե տեղի ունենար, բայց Արայիկ  Հարությունյանը որոշեց, որ հանրաքվեի կարիք չկա և մեկ հոդվածի փոփոխությամբ կարող ենք փոփոխություններն իրականացնել: Ընդդիմությունը, իհարկե, դեմ էր, բայց, չնայած դրան, այդ փոփոխությունը բերվեց Խորհրդարան, հետո էլ հետ կանչվեց: Հիմա նորից մեկ հոդվածի փոփխությունն ԱԺ-ում է:

-         Այս պահին փոփոխության անհրաժեշտություն կա՞:

-         ՍԴ փոփոխությունները պետք է լինեն և ամբողջ փաթեթով: Չեմ կարող ասել հանրությունն ամբողջությամբ ծանոթացել է՝ կո՞ղմ է, թե՞ դեմ, դա ցույց կտա հանրաքվեն, բայց բոլոր առողջ  քաղաքական ուժերը գտնում են, որ ահրաժեշտ են այդ փոփոխությունները: Շատերն այդ փոփոխություններին նայում են, որ իշխանությունից  ազատվելու շանս է ստեղծվել:

-         Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ:

-         Չեմ կարող ասել, այդ հարցեը պետք է տալ հենց իրեն: Ես նման հնարավորություն չեմ ունեցել: Նաև կուզեի հարցնել, թե ինչո՞վ է պայմանավորված մեկ հոդվածի փոփոխության հրատապությունը:

-         ՀՀ իշխանություն սատարում է Արայիկ Հարությունյանին: Սա ինչպես կանդրադառնա Արցախում կատարվելիք փոփոխությունների վրա:

-         Իհարկե, կա երկու անձերի համագործակցություն՝  Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան: Երբ 2018թ-ին Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ ստորակետի ճշտությամբ համաձայն է Փաշինյանի յուրաքանչյուր գործողությանն ու խոսքին, ապա հիմա էլ որևէ բան չի փոխվել: Այդ երկու անձինք որոշում են ողջ հայության ճակատագիրը: Ցանկացած որոշում համատեղ են ընդունում կամ ավելի ճիշտ՝ Փաշինյանը որոշում է Հարությունյանն իրականացնում է: Ականատես եղանք, թե ինչպես  ՔՊ-ական ուսապարկերը ջանք ու եռանդ չէին խնայում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին փնովելու գործում: Փորձում էին հիմնավորել, թե ինչու պետք է Վարդանյանը չլինի Արցախի պետնախարար: Նույն ցանկությունն ունեն նաև երկու թշնամական պետությունների ղեկավարները: Մարդն, ով պատրաստ է անձը մի կողմ դնել, գնալ զրկանքների հանուն Արցախի, հարմար չէ թշնամական պետություններին և Հայաստանի իշխանությանը: Ընդ որում սա առաջին անգամը չէ:

-         Արցախի ընդդիմությունը և Վարդանյանի առաջկիցները, ովքեր, ըստ հարցումների, քիչ չեն, ի՞նչ հակառակ քայլեր են պատրաստվում անել:

-         Միանշանակ Վարդանյանը հանրային աջակցություն ունի: Այն համեմատելու չէ, ո՛չ Հարությունյանի, և ո՛չ էլ Փաշինյանի հետ: Մենք արդեն 2 ամսից ավելի է շրջափակման մեջ ենք, և եթե չլիներ պետնախարարը, ապա Արցախում քաոս կլիներ և չէր լինելու այլևս այն հավատը, որ մենք պայքարով ինչ-որ բանի կհասնենք: Հիմա արցախցիներն այդ դաժան զրկանքները տանում են՝ հույս ունենալով, որ ինչ-որ կարգավորումներ են տրվում և դրանք կարճաժամկետ չեն լինելու, կարողանալու ենք լուրջ քաղաքական հաջողությունների հասնել: Հիմա այդ զրկանքները կրում ենք գլուխներս բարձր և այդ կերպ աջակցում ենք պետական այրերին, որ քայլեր անեն: Աստված մի արասցե, իրենց ցանկությունները կամ զրկանքները կրելու նպատակները հանկարծ չարդարարնան: Կարծում եմ,  արցախցիներն այն իրավաիճակում են, որ ընդվզում է լինելու:

Հեղինակ: Աննա Ավետիսյան