Foto

Փաշինյանի կառավարությունը ռուսական շրջանակներում լայնամաշստաբ հակահայկական տրամադրություններ է գեներացնում

Օրերս հայտնի դարձավ, որ Լաչինի միջանցքի շրջափակման հարցը քննարկվել է Փաշինյան-Պուտին և Լավրով-Բայրամով հեռախոսազրույցների ընթացքում։ Մասնավորապես, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին` անդրադառնալով  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, և կարևորել, ըստ պաշտոնական հաղորդագրության, դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Ինչպես փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է Լավրով-Բայրամով հեռախոսազրույցին, որը վերջին մեկ ամսվա ընթացքում թվով երրորդն է, քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։

Ըստ էության, այստեղ հետաքրքրական է և ուշագրավ, որ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը և այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը` Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Ի տարբերություն նախորդ՝ հունվարի 17-ի Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի, որում Լավրովը շեշտել էր Լաչինի միջանցքի շուտափույթ բացման  անհրաժեշտությունը, այս հեռախոսազրույցում նման կոչ չկա, և կողմերը սահմանափակվել են միայն միջանցքի բացման ուղիներով։

Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել երկու հաղորդագրությունների ընդհանուր բառապաշարից, ապա իրավիճակի կարգավորման որևէ հստակ տեսլական փաստացի չկա, և այն հայկական կողմի հետ չի քննարկվում։ Ի դեպ, այստեղ բավականին բարդ է ասել, թե որ կողմն է մյուսին դուրս դրել ընթացող խոսակցությունից, բայց, միաժամանակ, մենք տեսնում ենք, որ հայկական կողմը հրաժարվել էր հանդիպման մեկնել Մոսկվա։ Բացի դրանից տևական ժամանակ է՝ չկան ԱԳ նախարարների մակարդակով շփումներ, այս թեմայով հեռախոսազրույցներ, բայց Նիկոլ Փաշինյանն ու իրեն սպասարկող ԱԳՆ թիմը, անընդհատ հայտարարում է, որ ինչ-որ քայլեր է ակնկալում Մոսկվայից, ողջ պատասխանատվությունը դրված է Ռուսաստանի վրա անընդհատ քննադատությունների ու դժգոհությունների տարրերով։ Չմոռանանք, որ ասվածին զուգահեռ՝ Հայաստանն ակտիվ համագործակցության նշաններ է ցույց տալիս Արևմուտքի հետ, դիտորդական նոր առաքելություն խնդրում և նախընտրում աշխատել այս ուղղության վրա: Համագործակցային տրամաբանություն ռուսական կողմի հետ չկա։ Եթե կարճ բնութագրենք, ապա Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ անում է՝ ռուսական շրջանակներում լայնամաշստաբ հակահայկական տրամադրություններ գեներացնելու հարցում։

Այս ամենից բացի, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական երկխոսությունն այսօր մի շարք մակարդակներում խզված է և չի կարող ունենալ այն արդյունավետությունն ու կառուցողականությունը, ինչ լավ հարաբերությունների պարագայում։ Միանշանակ հասկանալի է, որ ռուսական կողմի հասցեին անընդհատ հրապարակային դժգոհությունները, մեղմ ասած, չեն գոհացնելու: Դա ազդում է՝ ինչպես երկկողմ  մթնոլորտի, այնպես էլ՝ խնդիրների լուծման վրա։ Իրականում, սակայն, Բաքուն այնպիսի իրավիճակում է, որ իրեն թույլ է տալիս հաշվի չնստել ո՛չ Մոսկվայի հորդորների, ո՛չ էլ այլ տերությունների հորդորների հետ։ Ի դեպ՝ օրերս լսեցինք նաև Բլինքենի կոչը՝ բացել միջանցքը, սակայն դրանք օդում ասված ճոռոմաբանություններ էին՝ ուրիշ ոչինչ։ Ըստ էության, Ալիևը վստահ է, որ իր հանդեպ արևմտյան պատժամիջոցներ չեն լինի, այդ մասին հստակ հայտարարվում է։

Արմեն Հովասափյան