Foto

Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը. Էկոնոմիկայի նախարարությունը դիմել է գործարարներին

Էկոնոմիկայի նախարարությունը դիմել է գործարարներին:

«2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։
 
Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի  և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
 
Միաժամանակ, երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։
 
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 011597211»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել էր Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը։

«Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է»,- նշել էր ԱԳՆ խոսնակը։