Վերջին օրերին Ախալցխայի հնամենի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած սրբապիղծ արարքը բուռն արձագանք է գտել հասարակության շրջանում: Անհայտ անձանց կողմից իրականացված վանդալիզմը, որի թիրախում հայտնվել էին եկեղեցում զետեղված սրբապատկերները, մասնագետների և հոգևորականների կողմից որակվում է որպես հեռահար նպատակներ հետապնդող սադրանք, գրել է «Ախալցխա.NET»-ը։
Միջադեպի էությունը
Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Նշան եկեղեցին (որը այսօր վիճելի է համարվում), թեև այսօր չի գործում, շարունակում է մնալ հոգևոր ձգողության կենտրոն տեղի հայ առաքելականների համար։ Հավատացյալները` հայերը եւ վրացիները, ի նշան միասնական հավատի, տարիներ շարունակ այնտեղ են բերում թե՛ հայկական, թե՛ վրացական պատկերագրությանը պատկանող սրբապատկերներ:
Սակայն օրերս սրբարանի խաղաղությունը խաթարվել է. վանդալները եկեղեցուց դուրս են բերել սրբապատկերները և դրանք նետել մոտակա աղբարկղը: Տեղի բնակիչների զգոնության շնորհիվ սրբապատկերները հայտնաբերվել և վերադարձվել են եկեղեցի:
Ախալցխայի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը կատարվածը որակել է որպես բացահայտ հակաքրիստոնեական ակտ՝ շեշտելով, որ վանդալները տարբերություն չեն դրել դավանաբանական նրբությունների միջև՝ թիրախավորելով երկու քրիստոնյա եկեղեցիների սրբապատկերները:
Ժամանակագրական համընկնումներ և վտանգավոր միտումներ
Այս միջադեպը ամենայն հավանականությամբ չի կարելի դիտարկել որպես սոսկ խուլիգանական արարք:
Այն զարմանալիորեն համընկնում է տարածաշրջանային զգայուն գործընթացների հետ. Վրաստանի նոր պատրիարքի ընտրություն եւ Հայաստանում ընթացող բուռն նախընտրական գործընթացներ: Վերլուծությունները հուշում են, որ նմանատիպ քայլերը նպատակ ունեն արհեստական լարվածություն ստեղծել երկու եղբայրական ժողովուրդների միջև՝ օգտագործելով կրոնական ու ազգային զգացմունքները: Ամենայն հավանականությամբ սա փորձ է՝ սեպ խրելու հայ-վրացական դարավոր հարաբերություններում այնպիսի փխրուն ժամանակահատվածում, երբ երկու երկրներն էլ կանգնած են կարևոր մարտահրավերների առջև:
Չնայած չի բացառվում, որ դա կարող է ուղակի ինչ-որ մի խմբակի կողմից ինքնագլուխ «Մագրության» արարք լինել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։









