Հունվարի 27–ին, հայկական կողմին փոխանցված, 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինն անճանաչելի է, բայց զինվորական համազգեստի գրպանում գտնվել է զինվորական գրքույկ, որը պատկանում է Վահե Թորոսյանին:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Սարիբեկ Կարապետյանը։
«Մարմինը հանել են, զինգրքույկը գրպանում էր, բայց անճանաչելի է մարմինը․ հարազատները սպասում են ԴՆԹ-ի պատասխանին։ Ով որտեղ իրեն ծածկել, թողել էր, նույն տեղից էլ հանել են մարմինը, բայց քանի դեռ ԴՆԹ պատասխանը չկա, չեմ կարող հաստատ բան ասել»,-ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված Վահե Թորոսյանի հարազատներն օրեր շարունակ պնդում էին, որ Վահեն ողջ է և պահանջում էին հանել նրան։ Մի քանի անգամ տղայի հարազատները բողոքի ակցիա են արել ՊՆ շենքի մոտ, փակել Արմավիրի ճանապարհը։ Երեք տեղից վիրավորված ժամկետային զինծառայողը վերջին անգամ ընտանիքի հետ կապ էր հաստատել սեպտեմբերի 15-ին, ասել իր գտնվելու վայրը։
Վահեի հարազատների՝ տղային հանելու պահանջին ի պատասխան ՊՆ-ից ասել էին, որ զինվորի գտնվելու վայրն ադրբեջացիների հսկողության տակ է և կկարողանան մտնել ու ահնել այն դեպքում, երբ վստահ լինեն, որ թշնամին չի կրակելու։
Չորս օր առաջ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:









