Ինչպես և կարելի էր կանխատեսել,
իսկ այդ մասին խոսում էին տարբեր փորձագիտական շրջանակներ, Հայաստանում տեղակայվող ԵՄ
քաղաքացիական երկարաժամկետ առաքելությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել Մոսկվայում։
Ի դեպ, այդ մասին օրերս ՌԴ ԱԳՆ-ն ոչ միայն հանդես եկավ հայտարարությամբ, այլև այս թեմային
անդրադարձավ Մարիա Զախարովան։
Եթե փորձենք ընդհանրական
ներկայացնել պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ապա ստացվում է մոտավորապես հետևյալը․ ռուսական կողմը
գտնում է, որ ՀՀ տարածքում տեղակայվելիք առաքելությունը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի
հետ, այլապես այն կարող է ապակառուցողական լինել։ Նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ
կարգով դիտորդական առաքելություն տեղակայել ՀՀ-ում: Ընդգծվում է, որ, ըստ իրադարձությունների
զարգացման, ռուս խաղաղապահներն ու սահմանապահները կարող են արձագանքել ԵՄ դիտորդների
քայլերին։ Եվ թերևս ամենակարևորը՝ ռուսական կողմը հստակ փաստում է, որ ԵՄ առաքելության
քողի տակ գործում է ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը։
Ըստ էության՝ ռուսական կողմի այս լարված արձագանքի պատճառն այն է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, դիտորդներ է խնդրել աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոնից և մերժել ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը։ Սա փաստացի նշանակում է, որ ՀՀ-ն աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում, և Մոսկվան դրան արձագանքում է դիվանագիտական հայտարարությամբ։ Ակնհայտ է, որ ռուսական կողմը չի ընդունել ու չի ընդունում այն դիվանագիտական մանիպուլյացիաները, թե Հայաստանը չի մերժել ՀԱՊԿ առաջարկը։ Տպավորությունը հստակ է՝ աշխարհաքաղաքական շրջադարձի փորձ է տեղի ունենում, և ամենևին պարտադիր չէ դրա համար դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Իսկ հայտարարություններում Ադրբեջանի հետ համաձայնեցման անհրաժեշտության մասին պնդումները պետք է դիտարկել ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ։
Ի դեպ, այնպես չէ, որ Ադրբեջանը մեծ ոգևորությամբ պետք է ընդուներ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման լուրը։ Ի վերջո, Ադրբեջանը ԵՄ դիտորդների փաստին անդրադարձավ, բայց ոչ այնքան կոպիտ՝ չցանկանալով սրել ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Իսկ ՌԴ դրությունը բարդ է. Ադրբեջանը, գոնե հրապարակավ և պաշտոնապես, չի քննադատում ՌԴ-ին, իսկ ՀՀ դիրքավորումը ՌԴ-ին մղում է ադրբեջանամետ դաշտ, սա ակնհայտ է։ Երբ Ադրբեջանը հրապարակայնորեն չի անում ՌԴ-ի համար տհաճ հայտարարություններ, նույնը չի անում նաև ՌԴ-ն։ Այո, ադրբեջանական մամուլում կան հակառուսական նարատիվներ, այդ թվում՝ շատ մերձիշխանական աղբյուրներում, սակայն դա, ի վերջո, պետք է տարանջատենք պաշտոնական քաղաքականությունից։
Կասկածից վեր է, որ ԵՄ
քաղաքացիական առաքելության գլխավոր նպատակը ոչ թե հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները
կարգավորելն է, այլ աշխարհաքաղաքական հարցեր լուծելը, որն էլ հմտորեն արվում է։ Այսինքն՝
եթե ՀԱՊԿ-ի փոխարեն ԵՄ առաքելությունն է գալիս, ապա հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում․ ՌԴ-ին քիչ-քիչ դուրս են մղում
Հարավային Կովկասից։
Արմեն Հովասափյան









