44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին շրջանառել այսպես կոչված՝ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը որպես Արցախի կարգավիճակի, Արցախի բնակչության անվտանգության ու իրավունքների ապահովման հնարավորություն։ Շատ կարճ ժամանակ անց, բոլորիս աչքի առաջ, Արցախի կարգավիճակը պաշտոնապես մոռացվեց, ավելին՝ «Արցախի կարգավիճակ» արտահայտությունն անգամ տաբու դարձավ Հայաստանի իշխանությունների համար, որոնք սկսեցին խոսել արդեն միայն «Արցախի հայության» (տաբուից բխող պարտադրանքով այլևս նրանք օգտագործում են միայն այդ բնորոշումը) անվտանգության ու իրավունքների մասին։ Արցախի կարգավիճակի նպատակադրումը, այսպիսով, անհետացավ պաշտոնական Երևանի բառապաշարից, որին փոխարինելու եկան արդեն միայն Արցախի բնակիչների անվտանգության ու իրավունքների ապահովման վերաբերյալ անորոշ ձևակերպումները։
Վերը նշված անորոշ ձևակերպումների
փուլը, նույնպես շատ կարճ կյանք ունեցավ․ Բերձորի միջանցքի փակումից հետո, Հայաստանը, շարունակելով ձևական,
արարողակարգային հայտարարությունները, գործնականում հրաժարվեց նաև Արցախի բնակիչների
անվտանգության ու իրավունքների ապահովման պարտականությունից՝ ուղիղ տեքստով հասկացնելով,
որ բոլոր հարցերն այլևս պետք է լուծվեն Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների միջոցով
(թեմայի մի հատվածն էլ վեկտորելով ռուս խաղաղապահների ուղղությամբ)։ Բայց այնպես չէ, որ
Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր խոսել Արցախի իշխանությունների հետ։ Այդ հնարավոր խոսակցության
համար Ադրբեջանին անհրաժեշտ է, որ Արցախի իշխանությունները, որպես այդպիսին, չլինեն,
և խոսակցությունը ծավալվի Բաքվի և «Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների» միջև։ Հենց
դա էլ հիմա փորձում են ապահովել ՀՀ իշխանությունները՝ Արցախում իշխանությունը գործնականում
կազմաքանդելու, Արցախին սուբյեկտայնության վերջին մնացուկներից զրկելու միջոցով։ Ըստ
էության հենց դա էր, Արայիկ Հարությունյանի միջոցով, Ռուբեն Վարդանյանին հրաժարականի
մղելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրի նպատակը։
Փաստացի տեսնում
ենք, որ անկախ ընթացիկ քաղաքական զարգացումներից, գլոբալ իմաստով ՀՀ իշխանությունները՝
Փաշինյանը, Արցախի ղեկավարությանն առաջարկում-ստիպում է հանձնվել Ադրբեջանին, կատարել
վերջինիս բոլոր պահանջները՝ Արցախի խնդրից իրեն վերջնականապես ձերբազատվելու նպատակով։
Իսկ թե ինչ կլինի Արցախի ու արցախցիների ճակատագրի հետ, Նիկոլին, մեծ հաշվով, քիչ է
հետաքրքրում։
Ներկայումս
գոյություն ունեցող քաղաքական ստատուս-քվոն հետևյալն է․ Հայաստանն Արցախին առաջարկում
է հանձնվել (նաև փորձում է պարտադրել), Արցախը դեռևս դիմադրում է։ Այս պայմաններում
գոյատևելու և գոնե տեսական հեռանկար ունենալու համար Արցախին, Արցախի իշխանությանը
մնում է հնարավորինս դիստանցավորվել Հայաստանից, քանի որ վերջինիս հետ նույնական դիրքորոշումը
նշանակում է հանձնվել Ադրբեջանին։ Դա էլ իր
հերթին նշանակում է, որ Ադրբեջանից «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը երբևէ իրականություն
դարձնելու համար Արցախն ուղղակի այլ ճանապարհ չունի, քան հետևել «տարանջատում՝ հանուն
փրկության» ռազմավարությանը, այն տարբերությամբ, որ այս դեպքում անհրաժեշտ է տարանջատվել
Հայաստանից, ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանություն կոչվածից։ Մենք տեսնում ենք, որ լայն իմաստով,
Արցախն այսօր գոյաբանական պայքար է մղում զուգահեռաբար մի քանի ճակատով։
Թեև ստեղծված իրավիճակում առաջինն ու ամենագլխավորը, իհարկե, Ադրբեջանն է, բայց որքան
էլ տարօրինակ ու «հակաէսթետիկ» հնչի, Արցախի համար պայքարի զուգահեռ հարթությունն ընդգրկում
է ՀՀ իշխանության հետ հարաբերությունները, քանի որ վերջինս անուղղակիորեն սպասարկում,
իսկ ավելի հաճախ՝ նաև գործնականում նպաստում է ադրբեջանական քաղաքականության առաջ մղելուն։
Թերևս չենք մոռացել վերջին շրջանում իշխանության պատգամավորների թուրքահպատակ ու բացառապես
թուրքական ասեղը թելող հարցազրույցները։
Արմեն Հովասափյան









