Foto

Հերթական «փափուկ բարձը՞»

Վերջին մի քանի օրերին մամուլում և ռուսական տարբեր տելեգրամ ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ ԵՄ-ն Հայաստանում պատրաստվում է երկարատև ու մասշտաբային քաղաքացիական առաքելության։ Ըստ տարածվող և դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ այս անգամ դիտորդները շատ են լինելու՝ մի քանի հարյուր հոգի, և տեղակայվելու են շատ ավելի երկար ժամկետով՝ ՀՀ ողջ տարածքում: Նախորդ առաքելությունը բաղկացած էր 40 քաղաքացիական դիտորդից, որոնք տեղակայվեցին 2 ամիս ժամկետով (հիմնականում Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում)։

Ավելի վաղ ռուսական և ադրբեջանական տելեգրամյան հարթակներում տեղեկություններ էին շրջանառվում նաև, որ ԵՄ նոր առաքելության կազմում կարող է լինել 300-400 դիտորդ՝ եվրոպական երկրների հատուկ ծառայություններից։ Հաղորդվել էր նաև, որ առաքելությունը ղեկավարում է ֆրանսիացի դիվանագետ Չարլզ Ֆրայսը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի տեղակալը։ Քաղաքական խորհրդակցությունների նպատակով Ֆրայսը դեկտեմբերի 16-ին Երևան էր ժամանել և հանդիպումներ ունեցել հայաստանյան իշխանությունների հետ (հանդիպամնը քննարկվել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, EUMCAP-ի առաքելության ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը)։ Նշենք նաև, որ առաքելության ժամկետի ավարտի օրը Բորելն, ըստ էության, ակնարկել էր, որ ԵՄ-ն տարածաշրջանում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր՝ անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար։ Եվրոպացի դիվանագետն իր խոսքում շեշտել էր, որ ԵՄ փորձագետների տեղակայումը արդյունավետ էր և նպաստել է վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում։

Այստեղ հատկանշական է այն փաստը, որ չնայած առաքելությունը պետք է տեղակայվի ՀՀ տարածքում, Ալիևը դեմ է այդ փաստին։ Նշենք, որ Պրահայում վերջինս չէր համաձայնել, որ առաքելություն տեղակայվի Ադրբեջանի տարածքում, սակայն դեմ չէր եղել, որ դիտորդներ տեղակայվեն ՀՀ տարածքում, այսօր թե՛ հրապարակային, թե՛ ադրբեջանական մամուլի միջոցով թիրախավորում է ԵՄ այս նախաձեռնությունը, հատկապես՝ մեղադրելով Ֆրանսիային։

Ըստ էության, ԵՄ նման որոշումը մեծ անակնկալ չէր, դատելով այն հռետորաբանությունից ու այն քաղաքական գծից, որը հատկապես վերջին շրջանում ակտիվորեն որդեգրել են ՀՀ իշխանությունները՝լիովին կողմնորոշվելով դեպի Արևմուտք և հրաժարվելով ՌԴ-ի հետ դաշնակցությունից ու ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ զորավարժություններից։ Այստեղ հարցն այն է, որ այն անվտանգային խնդիրները, որոնք այսօր մենք ունենք և որոնց պատճառով դժգոհում է Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, ԵՄ քաղաքացիական առաքելությունը չի լուծելու։ Ավելին՝ դա ժամանակի ընթացքում էլ ավելի չի լրջանալու, պարզապես սա այս անցումային փուլի համար արվող քայլ է՝ «փափուկ բարձ»։

Նման իրավիճակի հեռանկարն այն է, որ այս զարգացումների տրամաբանությամբ շարժվելու դեպքում մենք անդառնալիորեն կորցնում ենք Արցախը, իսկ տարածաշրջանում, համապատասխանաբար, էլ ավելի են ամրապնդվում Թուրքիան ու Արդբեջանը։ Կարող ենք ընդգծել նաև, որ մեծ հաշվով ԵՄ-ն ոչինչ մտադիր չէ անել այդ մասով ու հատկապես՝ անվտանգության ոլորտում։ Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից, մեր տարածքշրջանում ուժեղացնի սեփական դիրքերը, ամրապնդվի որքան որ հնարավոր է և լուծի իր հիմնական հարցը՝ դուրս մղի  Ռուսաստանին (խաղաղապահներին՝ Արցախից, ռազմաբազան ու ՀԱՊԿ-ն՝ Հայաստանից)։ Աշխարհաքաղաքականությունից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ մնացածը ԵՄ-ն թողնելու է իր տարածաշրջանաին խաղացողներին՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Եթե ՀՀ-ում դեռ ինչ-որ մարդկանց մոտ կան սպասելիքներ, թե Արևմուտքից լինելու են անվտանգային ավելի ամուր երաշխիքներ Հայաստանին, ուրեմն նրանք մոլորության մեջ են։

Արմեն Հովասափյան