Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մենք՝ որպես հասարակություն,
վարժվել ենք ողբերգությանը։ «Սողացող պատերազմ» հասկացությունը, որ անհոգի եզրույթ
է քաղաքագիտական տեքստերում, մեր կյանք է ներխուժել՝ որպես սողացող ողբերգություն,
որն ապրվում է ամեն օր։
Փորձենք պատկերացնել
ըստ էության՝ զոհեր սահմանին, գերիների մոռացված ճակատագրեր ու նոր գերեվարվածներ,
Արցախի կյանքի ճանապարհի տևական շրջափակում, պատերազմի մշտական սպառնալիք։ Այսօր մեր
ականջը սովորել է այս բացասական տեղեկատվությանը, մեր ուղեղը գուցե համակերպվել է՝
արտաքուստ ըմբոստություն ցույց տալով, մեր հոգիները գուցե տանջվում են, բայց առանց
շոշափելի արդյունքի։ Այս երևույթները, իհարկե, լրջագույն ազդեցություն են գործում՝
ինչպես մեր անհատական, այնպես էլ՝ հավաքական հոգեբանության, արժեհամակարգի, վարքային
կողմնորոշիչների վրա։
Անիծյալ սերունդ․․․այլ կերպ հնարավոր
չէ ներկայանալ։
Ըստ էության՝ չդադարող
բացասական իրադարձությունների, նեգատիվ մթնոլորտի ընդհանրական հետևանքն այն է, որ մենք
սովորել ենք ապրել նաև, այսպես կոչված, տեղային, հատվածական ցասման ռեժիմում․ տեղի է ունենում որևէ
զարհուրելի իրադարձություն, մամուլում, սոցցանցերում արտահայտվում է ցասում, բողոք,
անհամաձայնություն, բայց դա տևում է հաշված օրեր, որից
հետո հանրային ուշադրությունը տեղափոխվում է մեկ այլ զարհուրելի իրադարձության, դրա
շուրջ արձագանքի հարթություն, ու այդպես՝ մինչև հաջորդ ողբերգություն։ Եվ այպսես՝ շարունակ։
Վերը թվարկած ողբերգությունների
շղթայի ռետրոսպեկտիվ դիտարկումը ցույց է տալիս, որ մենք վարժվել ենք այդ տեղային ցասմանը,
որը, սակայն, ունենում է կարճաժամկետ՝ զուտ ռեֆլեկտիվ էֆեկտ, փոխարենը՝ չարձանագրելով
որևէ առակայական արդյունք։ Այդ տեղային ցասումը կարծես մեզ համար ալիբի է, որ կարող
ենք կոխել մեզ անտարբերության մեջ մեղադրողի աչքը, թե՝ տեսեք՝ քանի գրառում եմ արել
այն ողբերգության օրը, իսկ մյուսը՝ հապա նայեք՝ քանիսին եմ գամել անարգանքի սյունին։
Ասել է թե՝ նման իրավիճակներում
միայն հանրությանը մեղադրելը, որը հիմա բավական մոդայիկ զբաղմունք է, լավագույն դեպքում կիսաճշմարտություն է, իսկ իրականում՝ մոլորություն։ Հանրությունը, մեծ հաշվով, իր տեղում
անում է իր անելիքը՝ առնվազն անտարբեր չէ և արտահայտում է գոնե ցասում։ Բայց որպեսզի
այդ ցասումը, բողոքը, անհամաձայնությունը առարկայական հետևանք, շարունակություն, արդյունք
ունենա, անհրաժեշտ է համարժեք, առողջ քաղաքական համակարգ, քաղաքական մեխանիզմ, որը
անհատական ցասումները կձևակերպի որպես հավաքական, քաղաքական պահանջ՝ համապատասխան քաղաքական
գործիքակազմով և հետևանքներով։ Ասեմ ավելին՝ նման պայմաններում հենց քաղաքական համակարգն
է, որ որոշակիորեն բուֆերի դեր է խաղում և թույլ չի տալիս, որպեսզի անհատական մակարդակով
արտահայտվող քաղաքացիական պոռթկումները վերածվեն այնպիսի համընդհանուր ցասման, որը
կարող է պատահել հանկարծակի ու անսպասելի՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի և ոչ կառուցվածքային
հետևանքներով։
Ցանկալի է, թե ոչ, բայց
Հայաստանը տևական ժամանակ ապրում է այդպիսի ռեժիմում՝ ողբերգության ռեկորդներ սահմանող
իշխանություններով, անհամարժեք ընդդիմությամբ, այսինքն՝ գործնականում առանց քաղաքական
համակարգի և որպես հետևանք՝ պերմանենտ ցասման
պայմաններում, որը կամայական պահի կարող է վերափոխվել հանրային պոռկթման կամ պայթյունի։
Ըստ էության՝ «դըմոքրըսի»
փաթեթավորմամբ, ինչ-որ անհեթեթ վարկանիշներում որպես անվտանգ երկիր, բարձր հորիզոնականներ
զբաղեցնող Հայաստանն այսպիսով ամեն օրվա հետ դառնում է վտանգավոր, չափազանց վտանգավոր
պետություն, որը նմանվում է նկուղում սկսված, հրդեհի բոցերի մեջ այրվող շենքի վերնահարկում
անտեղյակների խրախճախմբի։
Արմեն Հովասափյան









