Foto

Մինսկի խմբի «դուռը» փակվե՞ց

Տարեսկիզբը նշանավորվեց հետաքրքրիր ու անսպասելի զարգացումներով․ օրերս հայտնի դարձավ, որ, շուրջ 5 ամիս պաշտոնավարելուց հետո, Արցախի շրջափակման ֆոնին, Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Ընդգծենք, որ Ռիքերն իր պաշտոնավարման ընթացքում մի շարք տարածաշրջանային այցեր է կատարել, հեռախոսազրույցներ ունեցել, կազմակերպել հանդիպումներ։

Պետք է արձանագրել, որ 2020 թվականի պատերազմից հետո և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը չգիտեն՝ ինչպես վարվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահողի պաշտոնի հետ, քանի որ մի կողմից՝ Մինսկի խումբը փաստացի չի գործում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, մյուս կողմից՝ համանախագահների պաշտոնը պահպանվում էր, քանի որ ԵԱՀԿ ՄԽ փլուզման պատասխանատվությունը որևէ մեկը չէր ցանկանում վերցնել իր վրա։ Միաժամանակ, սակայն, համանախագահների առկայությունը ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման «դուռը» բաց էր պահում։

Թերևս դժվար է ասել, թե ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը ինչ որոշում կկայացնի, սակայն այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ը այս պաշտոնը, փաստացի, ավելորդ է համարում։ Թե հստակ ո՞րն է պատճառը՝ բարդ է ասելը, քանի որ կուլիսային շատ գործընթացներից տեղյակ չենք, իսկ ԱՄՆ-ը, հատկապես սեպտեմբերից հետո, չափազանց ակտիվ է եղել, բայց նաև պետք է նշել, որ արևմտյան գործընթացը ևս տապալվել է։ Վաշինգտոնում քննարկվել էր փաստաթուղթ, կետեր, սակայն չհաջողվեց առաջընթաց ապահովել։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ը շարունակելու է ներգրավված մնալ այլ մակարդակներով, ինչպիսին, օրինակ, ժամանակ առ ժամանակ կարող է լինել Ջեյք Սալիվանը, անհրաժեշտության դեպքում՝ հանդիպումների դեպքում, կարող է լինել ԱՄՆ պետքարտուղարի միջնորդություն։

Տվյալ պարագայում, որպես այդպիսին, համանախագահի ներկայություն հարկավոր չէ։ Բացի այդ, համանախագահի առկայությունը դիտարկվում է նաև որպես ՄԽ-ում Ռուսաստանի մասնակցությանը սպասելուն ուղղված քայլ, ԱՄՆ-ը դա ևս բացառում է։ ԱՄՆ գլխավոր նպատակն է, որպեսզի կողմերը ուղիղ բանակցեն և ռուսական ներկայության անհրաժեշտությունը չլինի։ Որպես այդպիսին, ըստ ամենայնի, այլ էական նպատակներ ԱՄՆ-ը չունի և պատրաստ չէ երկար ժամանակ ու ռեսուրս ծախսել միջնորդության վրա։ Տեղի ունեցածը անուղղակիորեն նաև կարող է նշանակել ԵԱՀԿ ՄԽ էջի պաշտոնական փակում։

Գաղտնիք չէ, որ ԼՂ հակամարտությանը մշտապես հարկավոր է եղել բարձրաստիճան ներգրավվածություն, և միայն երկրի համանախագահը բավարար չէ բանակցային գործընթաց առաջ մղելու համար։ Իսկ նման բարդ փուլում փաստորեն նման դիվանագետը որևէ դերակատարություն չունի։ Փաստենք նաև, որ համանախագայության թեման «ջրելով», ԱՄՆ-ն իր մեսիջն է հղում հակամարտող կողմերին, որ նստեն ուղիղ բանակցությունների։ Ի դեպ՝ ուշագրավ է, որ ոչ մի խոսք չկա ԼՂ հակամարտության մասին։

Արմեն Հովասափյան