Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին եռամսյակում 7.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Մարտին այս ցուցանիշը 11.6 տոկոսով բարձր է եղել փետրվարի և 6.6 տոկոսով՝ 2025 թվականի գարնան առաջին ամսվա տվյալից: Նշվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի գնահատականների սույն (ծրագրային) վերանայումները պայմանավորված են տարեկան ՀՆԱ-ի վերանայման ժամանակացույցով, ըստ որի 2024 թվականի հաշվետու տվյալներով և դրա հիման վրա 2025-ի վերանայված տվյալներով՝ տարեկան ՀՆԱ-ում (առանց արտադրանքի զուտ հարկերի և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների՝ ՖՄԱՉԾ) տնտեսական գործունեության տեսակների կշիռները ենթարկվել են փոփոխությունների:
Դիտարկվող ժամանակահատվածում առավել մեծ աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 22 տոկոս: Շինարարության ծավալը գնահատվում է 95 մլրդ 640.1 մլն դրամ: Մարտին՝ մեկամսյա կտրվածքով աճը 34.4 տոկոս է, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 24 տոկոս: Մարտին իրականացվել է 41 մլրդ 686.4 մլն դրամի շինաշխատանք:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մարտին 13.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 748 մլրդ 800 հազար դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ ծավալը նվազել է 2, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 7 տոկոսով: Մարտին արտադրվել է 256 մլրդ 521.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2026-ի առաջին եռամսյակում 5.2 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից՝ գնահատվելով 96 մլրդ 359.6 մլն դրամ:
Առևտրի շրջանառությունն առաջին եռամսյակում 2.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ հասնելով 1 տրլն 442 մլրդ 794.1 մլն դրամի: Մարտին՝ աճը փետրվարի համեմատ եղել է 14.1, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 0.2 տոկոս: Մարտին իրականացվել է 550 մլրդ 547 մլն դրամի առևտուր:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) հունվար-մարտին 7.4 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա առաջին երեք ամիսների ցուցանիշը՝ կազմելով 981 մլրդ 729.1 մլն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ աճել է 12.6, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 7.8 տոկոսով: Մարտին ծառայությունների ծավալը գնահատվում է 351 մլրդ 418.6 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը հունվար-մարտին 4.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 0.7, իսկ նախորդ տարվա մարտի՝ 4.5 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մարտին 9.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Մարտին՝ փետրվարի համեմատ աճել է 0.1, իսկ 2025-ի նույն ամսվա համեմատ՝ 9.5 տոկոսով:
Հայաստանում այս տարվա հունվար-մարտին արտադրվել է 2 մլրդ 664.8 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մարտին՝ փետրվարի համեմատ արտադրությունն աճել է 7.1, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 9 տոկոսով: Մարտին արտադրվել է 840.9 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:
Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 970.0, հունվար՝ 879.5, փետրվար՝ 824.1, մարտ՝ 771.4) այն ևս ներառված չէ:
Հաշվետու ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել:









