Foto

Տարոն Մարգարյանը չի գտնում, որ իր գույքն ապօրինի է․ ներկայացուցիչ


Տարոն Մարգարյանը չի գտնում, որ իր գույքն ապօրինի է։ Այս մասին Vesti.am-ին ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը։ Ըստ նրա՝ կարծիքների իրարմերժություն կա․ «Դատախազությունը գտնում է, որ գույքն ապօրինի է, Մարգարյանը՝ հակառակն է պնդում։ Տարոն Մարգարյանը դատարանում հանդես կգա ներկայցուցիչների միջոցով»։

Բանն այն է, որ 2022 թվականի դեկտեմբերի 27‑ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը։ Այս անգամ հերթը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարայանինը  և նրա հետ փոխկապակցված 6 անձինն է։ Դատախազությունը պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ.

Բացի այդ Մարգարյանից պահանջվում են դրամական միջոցներ՝ 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Vesti.am-ը պարզեց, որ Մարգարյանը բնակելի տներ ունի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում և Բաբաջանյան փողոցում, որտեղ հիմա բնակվում է ընտանիքի հետ միասին։ Այն հարցերին, թե ովքե՞ր են Տարոն Մարգարյանի հետ փոխկապակցված 6 անձինք, արդյո՞ք այն տունը, որտեղ բնակվում Մարգարյանը ևս այդ 6 բնակելի տների մաս է կազմում, թե՞ ոչ, Գալստյանն ասաց, որ վստահորդի հետ այդ մասին չի խոսել և չի պատասխանի այդ հարցերին: Դրանց կանդրադառնան դատական նիստերի ժամանակ։

Նկատենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 24 հայցադիմումներից դեռ որևէ մեկի վերաբերյալ դատավճիռ չկա։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան