Foto

Նոր օրենքով սերտիֆիկատ չունեցող օծանելիքա-կոսմետիկական արտադրանքները ենթակա կլինեն ոչնչացման

Նոր օրենքի ընդունումից հետո սերտիֆիկատ չունեցող օծանելիքակոսմետիկական արտադրանքները, խաղալիքներն ու այլ ոչ պարենային արտադրատեսակները Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ենթակա կլինեն ամբողջական ոչնչացման: Շուկայի վերահսկողության մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ ընդգծելով,  որ Տեսչական մարմինը որակի հետ կապված վերահսկողություն չի իրականացնում:

«Մենք բացառապես իրականացնում ենք արտադրանքի անվտանգության վերահսկողություն, որ խաղալիքը, մաքրող-լվացող միջոցները կամ օծանելիքակոսմետիկական արտադրանքները թունավոր չլինեն և մարդկանց, երեխաների առողջությանը վնաս չհասցնեն, իսկ ապրանքի անորակ լինելն արդեն կորոշեն քաղաքացիները:

Ոչ պարենային արտադրանքների ոլորտում Տեսչական մարմինն իրականացնում է երկու տեսակի վերահսկողություն` առաջինը  անվտանգությունն է, երկրորդը՝ մակնշման ստուգումը: Նախ և առաջ ապրանքի վրա  պետք է պարտադիր լինի հայերեն մակնշում, որ քաղաքացիները տեսնեն, թե ինչ են գնում,  երկրորդը՝ անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխան լինեն»,-ասաց Կոտոլյանը:

Շուկայի վերահսկողության տեսչական  մարմնի ղեկավարը նշեց, որ տեսչական մարմինները ստուգումներ իրականացնում են սպառման պահին: «Տեսուչները ստուգումների ընթացքում գնում  և տնտեսվարողից պահանջում են իրացվող արտադրանքի համապատասխանության գնահատման սերտիֆիկատը, ինչը նշանակում է, որ տնտեսվարողը տվյալ ապրանքը մինչև վաճառքի հանելը ուղարկել է որևէ հավատարմագրված լաբորատորիա, որտեղ փորձաքննությունը հաստատել է, որ տվյալ արտադրանքն անվտանգ է»,- ասաց նա:

Ըստ Կոտոլյանի՝ համապատասխան սերտիֆիկատ չունենալու դեպքում նման տնտեսվարողները առաջնային տուգանվում են 100-300 հազար դրամի չափով, այնուհետև նշանակվում  է  ժամկետ, որ դիմեն լաբորատորիա՝ այն ձեռք բերելու նպատակով: Սերտիֆիկատի առկայության դեպքում նոր  վաճառքը շարունակելու թույլտվություն են ստանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։