ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը մտահոգություն է հայտնել բողոքի ցույցերի երկու մասնակիցների մահապատժի ենթարկելու Իրանի իշխանությունների մտադրության կապակցությամբ և կոչ է արել չեղարկել համապատասխան պրակտիկան:
«Մենք լրջորեն մտահոգված ենք բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Մոհամմադ Գոբադլուի և Մոհամմադ Բորուգանիի մահապատժի մասին լուրերով։ Իրանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր մահապատիժները»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայրաքաղաքային դատարանը մահապատժի է դատապարտել հանրապետությունում անկարգությունների առնվազն վեց մասնակցի:
Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են ընթանում Ամինիի մահվան կապակցությամբ այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը: Երկրի բնակիչները իշխանություններին մեղադրել են Ամինիի մահվան մեջ։ Իրանցիները սոցցանցերում սկսել են տեսանյութեր հրապարակել, որոնցում կտրել են իրենց մազերն ու այրել հիջաբը։









