Foto

Հայկական քաղաքական ու մտավոր վերնախավերը փտել են. պահանջվում է կատարյալ թարմացում. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս տոնական ու սուրբ օրով, այնուամենայնիվ, մի հարց ինձ տանջում է։ ՄԱԿ-ի և օտարերկրյա դեսպանությունների դռներն ապարդյուն ծեծելուց բացի, անցած 26 օրվա ընթացքում պաշարված Արցախի հայությանը քաջալերելու, գոտեպնդելու, հույս ու հավատ ներշնչելու նպատակով, ուրիշ ի՞նչ գործողություն կամ միջոցառում են իրականացրել՝

• ՀՀ կառավարությունը 
• ՀՀ-ում գրանցված քաղաքական կուսակցությունները
• Սփյուռքի հայկական խոշոր կազմակերպությունները
• հայկական մեծ ձեռնարկատիրական ընկերությունները
• հայաստանցի և սփյուռքահայ մուլտիմիլիոնատերերը
• ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան ու նրա ինստիտուտները, 
• Երևանի պետական համալսարանը և մյուս խոշոր ԲՈՒՀ-երը։

Լավ, մի՞թե չէր կարելի կազմակերպել Արցախի ապագա զարգացման ծրագրերին նվիրված հատուկ հեռուստամարաթոններ, համերգներ, դրամահավաքներ, առանձին նախաձեռնություններ, ցերեկույթներ ու երեկույթներ։ Ի դեպ, այսպիսի գործողություններն ու միջոցառումներն իրականացնելու համար դեռևս որոշ ժամանակ կա։ 

Իսկ վերը նշված կառույցների ու անհատների վարքային կաթվածահարությունը բխում է, մասնավորաբար, նրանց՝ 
• ընդհանուր հարմարվողական դիրքորոշումներից, 
• երկարատև դիմադրությանն անպատրաստ լինելուց, 
• հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի օբյեկտիվ ընթացքի առանձնահատկությունները չգիտակցելուց,
• ադրբեջանական հերթական հարձակումը չկանխատեսելուց (թեև այդ մասին բազմիցս և անդադար նախազգուշացնողներ եղել են)։ 

Իր ազդեցությունն է գործել նաև մտավոր, ֆինանսական ու բարոյահոգեբանական խոր կախվածությունն օտար կենտրոններից։ 

Ակնհայտ է, որ, ուստի պահանջվում է նրանց կատարյալ թարմացում ու փոխարինում։ Ասպարեզը սպասում է անկախ մտածող ու գործող նոր առաջնորդներին։

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»: