Foto

Էրդողանն ու Պուտինը քննարկել են էներգետիկայի հետ կապված հարցերը, Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղ ջանքերը պետք է ամրապնդվեն միակողմանի հրադադարով եւ «արդար լուծման տեսլականով», հաղորդում Է Reuters-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին։

«Հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները քննարկել են էներգետիկայի եւ Սեւծովյան միջանցքի հետ կապված հարցերը։ Էրդողանը Պուտինին ասել է, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայի սահմանամերձ տարածաշրջանը քուրդ զինյալներից մաքրելու համար»,-գրում են ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկայի հարցերը, թուրք-ռուսական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Սիրիան:

«Էրդողանը Պուտինին հայտարարել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու համար ճանապարհային քարտեզի ձեւավորման կոնկրետ քայլերի նպատակադրման մասին։

Այս կապակցությամբ Էրդողանն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ջանքերի վրա։

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին՝ Էրդողանը հիշեցրել է երկխոսության առաջմղման նախաձեռնությունների դրական արդյունքների մասին, ինչն արտահայտվել է «հացահատիկային միջանցքի», գերիների լայնածավալ փոխանակման եւ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ձեւավորման մասին պայմանավորվածությամբ:

«Նա ընդգծել է, որ խաղաղության եւ երկխոսության կոչերը պետք է աջակցվեն ռազմական գործողությունների միակողմանի դադարեցմամբ եւ տարաձայնությունների արդարացի կարգավորմամբ:

Թուրքիայի նախագահը նշել է նաեւ, որ ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել PKK/PYD/YPG ահաբեկիչների դեմ, այդ թվում՝ նրանցից մաքրել սիրիական Թալ-Ռիֆաթ եւ Մյունբիչ շրջանները։

Շարունակելով սիրիական թեման՝ Էրդողանը նշել է, որ Սիրիայի հարցում կոնկրետ արդյունքների հասնելու համար Բաշար Ասադի ռեժիմը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի եւ մի շարք քայլեր իրականացնի քաղաքական գործընթացում»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները։