Ցեղասպանությունը մեզ համար միայն ատելության ու չարության մասին չէ, այն պետք է հանուն մեր երկրի ապագայի օգտագործենք: Այս մասին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
«Մենք բոլոր առումներով մեծ վնասներ կրեցինք, դարձանք աշխարհասփյուռ, բայց նաև միավորված ճակատագրով ու պատմությամբ: Այս ամենի արդյունքում մի հարց է առաջ գալիս, արդյո՞ք մենք կարող ենք մոռանալ այս ամենը, արդյո՞ք պետք է հրաժարվենք մեր պատմությունից և հույս ունենանք որևէ մեկի բարեհաճությանը, իհարկե ոչ:
Ցեղասպանությունը մեզ համար միայն ատելության ու չարության մասին չէ, շատ կարևոր է, որ մենք այս ամենը ի նկատի ունենանք և օգտագործենք քաղաքականության ու հանուն երկրի ապագայի համար: Մենք չենք կարող հանկարծ որոշել մոռանալ ու հրաժարվել, որովհետև մեր պատմությունը մեր փոխարեն կգրեն ուրիշները, իսկ այդ ժամանակ մենք կկորցնենք մեր անհատականությունն ու ինքնությունը:
Սա մեր ազգային ինքնության ու ճակատագրի մասին է, հանուն մեր ապագայի ու նրա, որ ավելի ուժեղ դառնանք, կարևոր ենք համարում ցեղասպանության միջազգային հանցագործության կանխարգելման տեսանկյունը: Ցեղասպանության ճանաչումը ոչ թե դարձնենք ինքնանպատակ հարց, այլ ամրացնենք մեր պետության դիրքերն ու ավելի ամուր կանգնած լինենք»,- ընդգծել է Թաթոյանը:









