Foto

Ըմբշամարտի ԵԱ․ Ազատոճայինները մտնում են պայքարի մեջ

dԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ներկայացուցիչներին փոխարինելու են գալիս ազատոճայինները: Ապրիլի 24-ին տրվում է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի մեկնարկը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա 8 ըմբիշով։ Նրանցից չորսը պայքարի մեջ կմտնեն հենց առաջին մրցումային օրը՝ փորձելով հաջողությամբ հաղթահարել որակավորման փուլի արգելքը։

Մեկնարկային օրը մրցագորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)։ Վիճակահանության արդյունքում Խնձրցյանն ուժերը կչափի գերմանացի Հորսթ Լեռի հետ, իսկ Թևանյանի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևը։ Իրենց հերթին, Դավիթ Մարգարյանն ու Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում կգոտեմարտեն համապատասխանաբար ուկրաինացի Ալեքսանդր Բորուտայի և ռուսաստանցի Ախմեդ Ուսմանովի հետ: Հավաքականի մյուս չորս անդամները՝ Արսեն Հարությունյանը, Նարեկ Հարությունյանը, Մուշեղ Մկրտչյանն ու Խաչատուր Խաչատրյանը պայքարը կսկսեն ապրիլի 25-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն էին ավարտել հունահռոմեական ոճի մեր ըմբիշները՝ ընդհանուր առմամբ նվաճելով 5 մեդալ (1 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե)։ Հայաստանի հավաքականի կազմում Մալխաս Ամոյանը (77 կգ) 5-րդ տարին անընդմեջ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների պայքարում նորամուտը նշող Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանն (67 կգ) ու Գասպար Տերտերյանը (72 կգ) կանգնել էին պատվո հարթակի երրորդ աստիճանին։