Foto

2022թ. եղանակային ռեժիմը անոմալ էր. Գագիկ Սուրենյանը

2022թ. եղանակային ռեժիմն անոմալ էր՝ չի եղել մի ամիս, երբ թե՛ օդի ջերմաստիճանը, թե՛ տեղումների քանակը նորմալ լինեին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 29-ին ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Փետրվարը շատ տաք էր, օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով բարձր էր կլիմայական նորմից, իսկ տեղումների քանակը կազմել է նորմի 20-50 տոկոսը։

Մարտին օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր էր կլիմայական նորմից, աննախադեպ քանակությամբ ձյուն է տեղացել։

Ապրիլին օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով բարձր էր կլիմայական նորմից, իսկ տեղումների քանակը կազմել է նորմի 30-60 տոկոսը։

Այնուհետեւ հաջորդել է սառն ամիս։ Մայիսին օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով ցածր էր կլիմայական նորմից, իսկ տեղումների քանակը կազմել է նորմի 100-130 տոկոսը։

Հուլիսից դեկտեմբեր օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր է եղել կլիմայական նորմից, իսկ տեղումները նորմից քիչ են եղել»,- ասել է փորձագետը։