Foto

Կարպիզա, Ջեոքս, Հենդերսոն և Էկկո համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել կահույքի արտադրության համար։

Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս, Հենդերսոն և Էկկո համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական  մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և Ասիական երկրներում՝ գրանցելով բացառիկ հաջողություններ հայաստանյան կահույքագործության պատմության մեջ:

Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025թ. ավարտը նախատեսվում է կառուցել նոր արտադրական համալիր, շուրջ 6,000 քմ մակերեսով, ձեռք բերել ժամանակակից արտադրական սարքավորումներ և տեխնիկա, ինչպես նաև հագեցնել արտադրությունը նորարարական տեխնոլոգիաներով և ծրագրային լուծումներով,  ինչը հնարավորություն կտա շուրջ 3 անգամ ավելացնել արտադրության և արտահանման ծավալները և ավելի քան 2 անգամ ավելացնել աշխատատեղերի քանակը։

Գործունեության  ընթացքում կատարվել է 330 մլն. ՀՀ դրամի ներդրում հիմնական միջոցների և շրջանառու կապիտալի մեջ, ինչպես նաև նոր արտադրական համալիրի համար նախատեսված տարածքի և շինությունների ձեռքբերման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում, որից շուրջ 300 մլն-ը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ձեռքբերման համար, 150 մլն-ը նոր արտադրական համալիրի շինարարության համար, իսկ մնացածը հումքի և նյութերի ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 111 նոր աշխատատեղ՝ մինչև 489 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 99․5 մլն դրամ։