Foto

Եթե ՌԴ-ն չի կարողանում ապահովել անվտանգություն ԼՂ-ում, պետք է բազմազգ խաղաղապահներ ուղարկելու հարց բարձրացնի. վարչապետ

Լաչինի միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է. Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահի զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը: Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթեւեկության համար,  սին են եւ իրականության հետ ոչ մի կապ չունեն: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից եւ սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է:

Եթե  նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է, այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ  պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»,- հայտարարեց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ եթե  Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  նիստում ու ԼՂ -ում ռուս խաղաղապաներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

«Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի  միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների  պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը  հերթական  ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։

«Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի  դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք  այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ  կարգավորումների հասնելու համար»,- ընդգծեց վարչապետը։