Foto

Ադրբեջանը բացահայտ Հայաստանին տարածքային հավակնություններ է ներկայացնում

Ադրբեջանը շարունակում է բացահայտ տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանին։

Այս անգամ «աչքի է ընկել» «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի կառավարման» ոմն անդամ Նազիմ Մուսթաֆան։ Խոսքը ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանի Սյունիքի մարզի մասին է։ Հատուկ տարածքային հավակնությունների «արդարացման» համար տիտղոս է հորինել։

«Եթե հայկական համայնքն այսօր ապրում է Ղարաբաղի տնտեսական գոտում եւ Ադրբեջանի պետությունը, ինչպես եւ նրա քաղաքացիները, երաշխավորում է հայերի անվտանգ կեցությունը, Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Արեւմտյան Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքը՝ ապրելու կոմպակտ տարածքում, եւ երաշխավորի նրա անվտանգությունը»,- հայտարարել է Նազիմ Մուսթաֆան։ Հայտարարությունն «ամրագրելու» համար չգիտես որտեղից վերցված այս համայնքի սույն  «ղեկավարը» հորինված թվեր է ներկայացնում եւ վկայակոչում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։ Ալիեւը դեկտեմբերի 24-ին հերթական անգամ հնչեցրել էր տարածքային հավակնություններ Հայաստանի հանդեպ։ «Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա, ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո։ Իհարկե, այդ մասին մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը խոսելը, գուցե, վաղ էր։ Բայց այսօր, իմ կարծիքով, մենք չպետք է ժամանակ կորցնենք։ Պետք է պատրաստվի Վերադարձի հայեցակարգ։ Եվ նորից՝ այդ հայեցակարգը, ինչպես  ասում են, պետք է խաղաղասիրական լինի։ Մենք պետք է վերցնենք միջազգային կոնվենցիաների մեզ համար ընդունելի դրույթները եւ դրա հիման վրա պահանջենք մեր իրավունքները։ Վերադարձի հայեցակարգը պետք է լինի»,- ասել է Ալիեւը։

Թե ինչպես է «Ադրբեջանական պետությունը երաշխավորում հայերի անվտանգ կեցությունը»՝ վառ ի ցույց է դնում այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում. Ադրբեջանի իշխանությունների ուղարկած կեղծ բնապահպաններն իրականում վերահանդերձավորված զինվորականներ են եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որոնք երկու շաբաթ փակել են ճանապարհը։ Երկու շաբաթ Արցախ չեն մտնում սննդամթերքներ եւ դեղորայք, ճանապարհներին հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ են մնացել։