ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարկ վճարողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել հարկ վճարելու մշակույթի կարևորության մասին. հարկերի վճարումը պարզապես պարտավորություն չէ, այլև բոլորիս գիտակցված մասնակցությունը՝ մեր երկրի զարգացմանը և առաջընթացին։
Օրերս մասնակցեցի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը խորհրդանշող միջոցառմանը։ Այդ միջոցառումը շատ հստակ ցույց տվեց, որ նման լայնածավալ և կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներն իրականություն են դառնում նաև հարկ վճարողների շնորհիվ։ Յուրաքանչյուր վճարված հարկ իրական արդյունք է ստեղծում, և այս գործընթացում յուրաքանչյուրս ունի իր կարևոր դերակատարումը։
Հարկ վճարողի օրը հենց այս գիտակցության մասին է․ յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն ունի համընդհանուր նախագծերի մեջ, մասնավորապես, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ստեղծման և կայացման գործում։ Եվ որքան բարձր լինի հարկ վճարելու մշակույթն ամրապնդված հանրության մեջ, այնքան ամուր և կայուն կլինի մեր պետությունը»։