Ժամանակակից աշխարհում,
ինչպես հայտնի է, ամենատարբեր գաղափարախոսություններն ու արժեհամակարգերը կրող հասարակություններ
կան, որոնք տարբեր ձևով են վերաբերվում իրավիճակներին, ունեն համապատասխան դրսևորումներ։
Դրանից է նաև պոպուլիզմը, ինչը շռայլություն է, որն իրենց կարող են թույլ տալ համեմատաբար
անդարդ հասարակությունները, անվտանգ ու բարեկեցիկ երկրները, որոնց հոգսը եկամուտների
հավասար բաշխումն է կամ սոցիալական ծառայությունների մատչելիությունը բոլորի համար։
Նրանց հաճախ դա պետք է՝ սեփական միօրինկությունը փոխելու և զանազանվելու համար։ Միանշանակ
է, որ պոպուլիզմը կործանարար է նաև այդ «անդարդ» ազգրի պարագայում, սակայն հետևանքները
հիմնականում անդառնալի չեն լինում։ Այլ է անվտանգային, գոյաբանական խնդիրներ ունեցող
հասարակությունների դեպքում, որոնք պոպուլիզմի շռայլություն թույլ տալու համար վճարում
են հազարավոր կյանքերով, տարածքային կորուստներով, ինքնիշխանության նվազմամբ (ինչին
ականատես ենք մենք)։
Ըստ էության՝ այսօր
մենք որպես հասարակություն չենք գիտակցել պոպուլիզմի անկարելիությունն աշխարհաքաղաքական
ու տարածաշրջանային պայթյունի ներուժ ունեցող վառոդի տակառի վրա գտնվող մեր երկրի համար,
ինչի դիմաց արդեն իսկ վճարել ենք Արցախի մեծ մասի կորստով ու հազարավոր երիտասարդների
կյանքերով։ Մահացու իրականություն է, բայց դա ողբերգության միայն մի մասն է, քանզի
հասարակությունն էլ սխալվելու իրավունք ունի, չի դիմացել պոպուլիզմի գայթակղությանը
և խելամիտ չի գտնվել։ Բայց եթե այդ և մնացած բոլոր արդարացումները, թեկուզ վերապահումներով,
կարող էին ընդունելի լինել մինչև 44-օրյա պատերազմը, ապա դրանից հետո՝ արդեն 2021 թվականին,
պոպուլիզմը հանդուրժելը որևէ բանական բացատրություն չունի և չի կարող ունենալ։ Հենց
այդ ժամանակ հստակ գծվեցին բաժանարարները։
Ակնհայտ է, որ հասարակությունը
ևս կենդանի օրգանիզմ է ինչպես և անհատը, կարող է սխալվել ու արդարանալ մեկ անգամ, բայց
երկրորդ անգամ նույն սխալի կրկնությունն արդեն հիմարություն է՝ ամենամեղմ բնորոշմամբ։
Փաստացի շուրջ մեկուկես տարի, ապրում ենք համազգայյին հիմարության արդյունքում ստեղծված
իրականության պայմաններում, բայց շարունակում ենք կրկնել նույն սխալը՝ այս ամենի մեջ
կրկին մեղադրելով բոլորին, բացի մեզանից։ Ի դեպ՝ այս ամենին նպաստում են, այսպես կոչված,
«ինտելեկտուալ պոպուլիստները», որոնք բոլոր առիթներով կրկնում են, թե «չի կարելի մեղադրել
ժողովրդին»։ Իրականում դա պոպուլիզմի նույնպիսի դրսևորում է, ինչպես Նիկոլ Փաշինյանի
խոնարհումը, որովհետև նպատակը կրկին մեկն է՝ ժողովրդին դուր գալը և ճշմարտությունը
չասելը։
Շատ ավելի վտանգավոր
է նաև հակառակ դրսևորումը՝ ամեն ինչում կուրորեն միայն ժողովրդին մեղադրելը։ Իրականությունը,
ինչպես պատահում է սովորաբար, ինչ-որ տեղ այդ ծայրահեղությունների մեջտեղում է․ այսինքն հասարակությունը
մեղավոր է երկրորդ անգամ, բոլոր աղետներից հետո կրկին պոպուլիստական իշխանությունը
պահպանելու հարցում, բայց ուղղակի մեղադրելը որևէ արդյունք չի կարող տալ, պետք է հասկանալ
դրա խորքային պատճառները։
Գաղտնիք չէ, որ
գրեթե բոլոր հասարակությունները, ընդհանուր առմամբ, չնայած բոլոր տարբերություններին,
թերևս նույնական են միջինացված որակներով։ Եթե ավելի պարզ, ապա այնպես չէ, որ եվրոպական
որևէ երկրի հասարակություն հայ հասարակությունից շատ ավելի բարձր արժեքների է դավանում,
կամ ասենք՝ ամերիկյան միջինացված հանրությունն ավելի պետականասեր չէ, քան հայերը։ Խնդիրը
հանրության այս կամ այն վարքագիծը խրախուսող կամ զսպող մեխանիզմներն ու ինդիկատորներն
են, որոնք ամենացածրորակ հասարակությանը կարող են դարձնել խիստ պետականապաշտ, և հակառակը՝
որակյալ հանրույթին կարող են վերածել անտարբերների բազմության՝ ամորֆ ամբոխի։
Անկասկած վերը նշված
դրվագներում էական դերակատարում ունեն պետության բոլոր պայմանական վերնախավերը՝ քաղաքական,
լրագրողական հանույթը, գիտական շրջանակները, մտավորականները, բոլոր այն շերտերը, որոնք
օբյեկտիվորեն կարող են ազդել հանրային նախընտրությունների, կյանքի նորմերի, կենցաղավարական
ու քաղաքական ճաշակի վրա, ինչո՞ւ ոչ՝ նաև ընդհանուր մտածելակերպի վրա ուղղակի ազդեցութոն
ունենալ։ Բայց բոլոր այս խավերից առաջ ու բոլորից ավելի ազդեցիկ, հանրային նախընտրությունների,
առաջնահերթությունների, նորմերի ու վարքագծի վրա ազդելու ամենամեծ հնարավորությունն,
միանշանակ, ունի իշխանությունը, որն էտալոնային դեր է կատարում՝ անկախ իր որակներից
կամ դրանց բացակայությունից։
Մեծ հաշվով հենց
իշխանությունն է ընտրում իր սոցիալական բազան, թեև ի սկզբանե սոցիալական տարբեր շերտերն
են դառնում իշխանության գալու երաշխավորը։ Բայց անկախ նրանից՝ իշխանությունը կազմավորվում
է հանրային հարաբերականորեն ցածր խավի հիման վրա, թե ոչ, արդեն իշխանության իրացման
ընթացքում այն կարող է ընտրել սոցիալական այն հենարանը, որի վրա խարսխվում է ոչ թե
իշխանությունը մեխանիկորեն պահպանելու, այլ՝ պետության, հասարակության զարգացման ուղենիշներ
սահմանելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանն է ընտրում՝ ռազմավարական իմաստով հենվել,
ասենք, հանրության ինտելեկտուալ, մտավորական, գաղափարակիր հատվածի վրա, թե՞ ամեն ինչ
կառուցել այն խավին դուր գալու համար, որը կենդանական հաճույք է ստանում մուրճի թափահարումից
ու ասֆալտին ծեփելու մասին զառանցանքից (թերևս պարզ է)։
Հանճար լինել պետք
չէ, որպեսզի հասկանալ, պարզագույնը․ «մուրճասեր» հատվածի հետ
աշխատելը բազմապատիկ ավելի հեշտ է, ավելին, նրա հետ նույնիսկ աշխատել պետք չէ, բավական
է որոշակի չափաբաժնով ցածր ռեֆլեքսներ արթնացնող հերթական հայտարարությունը, և այդ
հատվածը շարունակում է բնազդային հավատարմությունը՝ առանց ավելորդ հարցեր բարձրացնելու
(պետականության կործանում, անվտանգության զրոյացում, ինքնիշխանության փոշիացման վրա
թքած ունեն)․ սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ մտածող հատվածն արդարացիորեն
խոսում է։
Լակմուսի թղթի նման
հասկանալի է, որ մտածող հատվածի հետ պետք է հատուկ աշխատանք, երկխոսություն, հիմնավորում,
փաստակ, ռազմավարություն, մինչդեռ մյուս խավի համար միանգամայն բավարար է էժանագին
փաթեթավորմամբ կեղծիքը։ Աներկբա է, որ նման սոցիալական հենարան ունեցող իշխանությամբ
պետությունը դատապարտված է կործանման։
Արմեն Հովասափյան









