Foto

Փաշինյանը դժգո՞հ է դժգույն ու դժբախտ Արցախի համար մտագոհվող ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներից

ՄԱԿ-ն Անվտանգության խորհուրդը նիսում հստակ դիրքորոշում հայտնեց՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ ՄԱԿ-ի միաձայն կոչին անդրադարձել են ՀՀ տարբեր պատական պաշտոնյաներ։

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում կարևորեց այն փաստը, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել ու կարևորվել է Արցախի հարցը: «Շատ կարևոր էր, որ ամենաբարձր կազմակերպության քննարկման օրակարգում նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի հարցը: 200 ժամից ավելի է՝ շրջափակման մեջ ենք, ու ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ է. այն, ինչ կատարվում է՝ անընդունելի է, ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների»,-նշեց Ռուբեն Վարդանյանը: Արցախի պետական նախարարը շնորհակալություն հայտնեց բոլորին, այդ թվում՝ ՀՀ Կառավարությանը, որ աջակցել են այս աշխատանքներին:

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու միջազգային կոնսենսուս է տեսնում նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսի մասին»։

Արցախի պաշտոնյաները, ՀՀ ընդդիմադիրներն իրենց շնորհակալությունն են հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի գործողությունները դատապարտող յուրաքանյուր անդամ-պետության ներկայացուցչին, սոցիալական ցանցերի միջոցով կիսվում նրանց ելույթներով, տեղական լրատվականներն էլ անհատապես անդրադառնում են այդ ելույթներին, դնում գլխավոր նյութերի շարքում։ Ամեն մեկն իր տեղում փորձում է ասել, որ շնորհակալ է այդ արձագանքների համար։ Դա ևս խնդիրը բարձարացնելու, ձեռքը զարկերակին պահելու միջոցներից մեկն է։

Իսկ ինչո՞ւ է լռում վարչապետ Փաշինյանը։ Ընդ որում այն վարչապետը, ով շրջափակման 9-րդ օրն իր պարտք էր համարում թվիթերյան իր էջում տեղյակ պահել, որ Արցախում հումանիտար աղետ է։ Փաշինյանն այն  վարչապետն էր, որ 2020թ-ի նույն ժամանակահատվածում, երբ դեռ շատերը չէին հուղարկավորել պատերազմում զոհված բազմաթիվ հայորդիների՝ բառի բուն և փոխաբերական իմաստով գրավեց Եռաբլուրը՝ հենց այն նույն զոհերի հարազատներին ոտնակոխ անելով, այդ կերպ իր ներկայությունը ցույց  տալու համար։ 2020 թվականի այս օրերին իր աջակիցներին ոգևորելու համար հավաքներ էր անցկացնում ու գոռում՝ «կեցցեն զոհերը»։ Արդյո՞ք այսօր արցախցիներն աջակցության կարիք չունեն, որ գոնե վարչապետից կոչ լսեն, հասկանան, որ տեղյակ է, որ ապրում է իրենց խնդիրներով, որ գոնե, շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ դատապարտող ելույթների համար։ Կառավարական առանձնատան զուգարանները ցույց տալու համար լայվ անող վարչապետը մի օր ժամանակ չգտա՞վ արցախցիներին ասելու համար, որ իրենց կաղքին  է։ Փոխարենը մի ամբողջ խմբակցություն ԱԺ-ում այս իրավաճակի միակ մեղավորին և պատասխանատունին է փնտրում։ Այս անգամ այն կրկին Ռուսաստանի դաշնությունն է, ռուս խաղաղպահը։ Իսկ ո՞ւր մնաց այն միասնականությունը, որի մասին խոսում ու խոսում է Փաշինյանը։ Գո՞ւցե, իսկապես դժգոհ է դժգույն ու դժբախտ Արցախի համար մտագոհվող ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների ելույթներից, կոչերից․․․