Յուրաքանչյուր պետության քաղաքական պատմությունն ունսումնասիրելիս, գրեթե մշտապես հանդիպում ենք փակուղային ու պատային իրավիճակների, երբ անկումային տրամադրությունները հանրության շրջանում հասնում են պատմական մինիմումի, սակայն պետությունը և մասնավորաբար իշխանությունը հենց նրա համար է, որպեսզի կարողանա երկիրը դուրս բերի այդ փակուղուց՝ նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը։
Փաստ է, որ Լաչինի միջանցքի փակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ, բայց ավելի առարկայաբար ցույց տվեցին, որ Հայաստանում գործնական, գործառութային իմաստով պետություն գոյություն չունի։ Դրա մասին գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում կոչեր անելով բոլորին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ֆեյսբուքյան օգտատերերին, ակտիվիստներին և պասիվիստներին, աղմուկ բարձրացնել Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին։ Փաշինյանն, իհարկե, ձևականորեն հայտարարեց նաև, թե այդ հարցով զբաղվում է «ՀՀդիվանագիտական ծառայությունը», «խորհրդարանական դիվանագիտությունը»։
Ցավոտ իրականությունն այն է, սակայն, որ եթե Հայաստանն ունենար ոչ թե ձևական, այլ իրական պետական կառավարման համակարգ, իրապես գործող դիվանագիտական ծառայություն, ոչ թե ակտիվիստների կույտ, այլ քաղաքական խորհրդարան, ապա իրեն երկրի ղեկավար հորջորջողը չէր դիմի սոցցանցերի օգտատերերին՝ լուծելու համար մի խնդիր, որը միայն ու բացառապես պետության անելիքն ու գործառույթն է։ Իսկ երբ չկա պետություն, դրա պարտականությունները կատարում են ոչ նույնիսկ քաղաքացիական, այլ ժողովրդային խմբերը, ինչպես անպետություն ազգերի ներկայացուցիչներն են պայքարում աշխարհի տարբեր երկրներում տարբեր երկրների դեսպանատների առջև։
Ասվածի վառ օրինակը՝ շուրջ մեկ շաբաթ գոյություն ունեցող պատկերը․ Հայաստան պետության բացակայության պատկերը ուղիղ եթերով հեռարձակվում է հայկական լրատվամիջոցներով, որոնք ցուցադրում են Երևանի տարբեր ծայրերում գտնվող դեսպանատների առջև անցկացվող ակցիաները։
Ըստ էության՝ պետության քայքայման և կազմաքանդման հարցում Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է ունենալ իր արդարացումները։ Չէ՞ որ նա խոստացել է ոչ թե պետություն, այլ ապագա՝ ամենևին չմատնանշելով՝ արդյոք ապագան լինելու է պետութենակա՞ն, թե՞ պետականազերծ։ Ապագան, իր կամքից անկախ, իհարկե, եկել է, և այդ առումով նա կատարել է իրեն ընտրածներին տված խոստումը, որոնք մտածել են, թե ապագան գալու է ոչ թե բնության ու ժամանակի օրենքներով, այլ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Պետականազերծ ապագայի կերտման հարցում Փաշինյանը, բացի Հայաստանի գոյության դեմ պայքարող թշնամական երկրների հավանությունից, ունի աներևույթ մի հզոր աջակից՝ հայ հանրության, ավելի լայն իմաստով, հայկական իրականության համատարած անհամարժեքությունը։
Ասվածը դրույթն էլ ավելի լավ է արտահայտվում է իշխանական հեռուստաեթերում կամ սոցցանցերում, որտեղ ամեն ինչ շարունակվում է այնպես, կարծես հումանիտար աղետը ոչ թե Արցախում է, այլ հեռավոր աֆրիկյան որևէ անապատում։ Ամենօրյա ռեժիմով եթերում երգ ու պար է, սոցցանցերում՝ համատարած վակխանալիա է, որին մասնակցում են բժշկից մինչև վարորդ, նախարարից մինչև դեսպան։ Մեծ թվով մարդկանց համար Արցախում ու արցախցիների հետ կատարվողը ոչինչ չի փոխել կյանքում, նրանցից որևէ մեկը սոցցանցում իր երջանիկ լուսանկարը տեղադրելիս չի մտածում, որ դա առնվազն անբարո է։
Չմոռանանք, որ պետությունները, ի թիվս այլ հատկանիշների, պետք է լինեն համարժեք։ Դաժան ճշմարտությունն այն է, որ ոչ ադեկվատ հասարակություն և առավել ևս ոչ ադեկվատ իշխանություն ունեցող պետությունը դատապարտված է կործանման։
Արմեն Հովասափյան









