Ազգային ժողովի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի եւ Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: Թեկնածուներին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Հայաստան» խմբակցությունը հարցի քննարկմանը չի մասնակցել։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ օրակարգում ընդգրկված հետեւյալ հարցերը վերաբերում են պետական պաշտոններում այս կամ այն անձանց նշանակմանը: «Եվ քանի որ խոսքն, ըստ էության, միայն մեկ քաղաքական ուժի նախաձեռնած նշանակումների մասին է, «Հայաստան» խմբակցությունը որոշել է չմասնակցել նշված պաշտոններում նշանակումների քվեարկությանը»,-պարզաբանեց Մինասյանը։









