Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Իրանը այս պահին Լաչինի միջանցքի հետ կապված պահպանում է չեզոք լռություն, ինչը բացատրելի է: Պաշտոնական Թեհրանը հայտնել է, որ ճանաչում է Բաքվի վերահսկողությունը ԼՂ–ի նկատմամբ, իսկ իր կարմիր գիծը Իրան–ՀՀ սահմանների անձեռնամխելիությունն է համարում: Ուստի Թեհրանը դժվար թե խոսի այնքան ժամանակ, քանի Բաքուն ուղիղ կերպով չի վերաբացել ՀՀ–ով անցնող կապի թեման: Բացի այդ տարածաշրջանում լուրջ խմորումներ են ընթանում Իրանի դեմ: Առնվազն հրապարակային լրատվությունից ակնհայտ է, որ Իսրայելը փորձում է Ադրբեջանը դարձնել պլացդարմ՝ ընդդեմ Իրանի: Դրա համար էլ հրեական ներդրումներով իբրև «խելացի գյուղեր» են կառուցվում Իրանին սահմանակից օկուպացված Կովսականում: Բացի այդ, երեկ գրել էի Սաուդյան Արաբիայի թագավորության պատվիրակության այցի մասին Կովսական, որտեղ ևս քննարկվել են ներդրումներ կատարելու վերաբերյալ հարցեր: Ամեն դեպքում, Ադրբեջանը ևս չի ցանկանա դառնալ պլացդարմ՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար՝ հասկանալով դրա հետևանքները: ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանը վերջերս իսրայելական «Հաարեզ»–ին տված հարցազրույցում բառացի ասել էր, որ իր երկիրը չի դառնա պլացդարմ: Այդուհանդերձ, Իրանը ուշիուշով հետևում է իր սահմանների երկայնքով ընթացող գործողություններին:
6. Ի վերջո, ռուս խաղաղապահների թեման: Խաղաղապահների անգործությունը շատ է նյարդայնացնում մեր հայրենակիցներին, նախ հավանաբար Արցախում, նաև Երևանում: Իհարկե, նրանց կրավորական կեցվածքը ցույց է տալիս, որ դեռևս որևէ հրահանգ չկա: Նրանք ակնհայտորեն խուսափում են բախումներից՝ հասկանալով դրա հետևանքները: Խաղաղապահներին նվաստացնող և հեգնող տեսանյութերի պակաս չկա, ինչն իհարկե շատ է արժեզրկում նրանց գործունեությունը: Բայց եկեք ընդունենք, որ առնվազն այս պահին ռուսական խաղաղապահ առաքելությանը փոխարինող որևէ էական առաջարկ մենք չունենք: Ուստի պետք է հասկանալ, թե ոնց ենք աշխատում այս իրավիճակում: Բաքուն ակնհայտ թիրախավորել է նրանց, բոլոր հանրային հաղորդումները, սոցհարցումները, ամեն քարոզչական քայլ դրա մասին են վկայում: Բաքվի նպատակներից է նաև փոխել իրենց հարաբերությունների տեսակը Մոսկվայի ու խաղաղապահների հետ: Նրանց ընկալմամբ, խաղաղապահները եկել են, որ վերջնականապես իրենց հանձնեն Արցախը, այլ ոչ թե զգան իրենց Արցախի տերեր: Հիմա նաև այդ նպատակն են հետապնդում:
Այս ամենը ես գրել եմ ադրբեջանական քարոզչադաշտի շարունակական ուսումնասիրության հիման վրա: Ընդ որում, արդեն իրենք էլ են հեգնանքով վերաբերվում թվացյալ «բնապահպաններին»: Բայց, ակնհայտ է, որ նրանց հաշվարկով Ստեփանակերտը պետք է վաղուց հետքայլ աներ և թողներ մտնեին հանք, ինչը տեղի չի ունեցել: Փաստ է՝ Բաքուն ունի մի քանի նպատակներ, նաև ակնհայտ է, որ տարածաշրջանում բազմաթիվ խմորումներ են ընթանում և Լաչինի փակ միջանցքը միայն երևացող կողմն է այդ գործընթացի: Անգամ եթե միջանցքը բացվի մոտ շրջանում, միևնույն է՝ Բաքվի նպատակները չեն փոխվելու և նրանք ունեն դրանց հասնելու մի քանի սցենարներ: Ունե՞նք մենք հակադրվելու ռեսուրս: Ի հեճուկս՝ անելանելության և հանձնվելու քարոզի՝ այո, ունենք: Դրա համար պետք է համառ ու կազմակերպված աշխատել, բայց մեզ հրամցնում են կեղծ ու անկարևոր օրակարգեր՝ թաքցնելով իրականությունը: Ես տեսնում եմ հնարավորությունները, որոնք, ցավոք, արագորեն բաց ենք թողնում: Ամեն դեպքում Ստեփանակերտի համառ դիմադրությունը լրջորեն նյարդայնացնում է Բաքվին և որոշակիորեն խառնում խաղաքարտերը:









