Foto

Ամոթը՝ որպես անհատական ու հանրային կյանքի ինստիտուտ

Քաղաքականության ու բարոյականության տրամաբանական կապի ու միմյանց հատվելու եզրերը շատ նուրբ են, ու հաճախ ենք տեսոնում, թե ինչպես է իրադրությունը կես քայլից քաղաքականից կտրուկ անցնում բարոյականության տիրույթ։ Բարոյականությունը, որ առավել հաճախ անհատական բնութագրիչ է, հատուկ է նաև հասարակություններին, առնվազն այնքանով, որ ցանկացած հանրույթ անհատներից բաղկացած օրգանական ամբողջություն է։ Դա նշանակում է, որ հասարակությունն էլ, մարդու հանգույն, կարող է լինել բարոյական և հակառակը: Տվյալ պարագայում գնահատման չափանիշները, իհարկե, խիստ հարաբերական են, միաժամանակ՝ հեղհեղուկ։ Սովորական պայմաններում դրսևորվող հարաբերականությունը խիստ որոշակիանում է ֆորսմաժորների ժամանակ, երբ ամենատարրական բարոյական իմպերատիվները  տեսական, դատողական հարթությունից իջնում են գործնական կյանք՝ կանխորոշելով անհատական և հանրային վարքագծային նորմերն ու մոդելները։

Այսօր բացվել է ութերորդ առավոտը, ինչ Արցախը գտնվում է հումանիտար աղետի պայմաններում՝ հարյուր հազար մեր հայրենակիցներ ապրում են տարրական կենցաղային պայմանների սղությամբ, ամեն ժամի հետ նվազում են վառելիքի, սննդամթերքի, դեղորայքի պաշարները, տասնյակից ավելի հիվանդներ պայքարում են կյանքի համար։ Սակայն Արցախի հումանիտար ճգնաժամի ամենախիստ բնութագրիչները թվարկված ու այլ պակասությունները չեն, որոնք արցախցիները հաղթահարում են արժանապատվորեն։ Այս ողբերգության մեջ ամենասարսափելին անորոշությունն է, որը մրսեցնում է բքից ավելի ու առաջացնում է սննդային անոթիությունից բազմապատիկ ուժեղ հոգևոր քաղց։ Ահա այս պայմաններում են ապրում մեր հայրենակիցներն այսօր, ճիշտ նույն պահին, երբ Երևանը ծփում է ամանորյա լույսերի մեջ, իսկ փողոցները ողողված են մայրաքաղաքային կյանքի անհոգությամբ՝ «բլինչիկ-բուդ» դարդուցավով ոգևորված։

Դառն է իրողությունը, սակայն վերջին 10-օրյակում Երևանն ապրում է այնպես, ինչպես չի կարելի ապրել այն պայմաններում, երբ հայրենակիցներդ գտնվում են թշնամական պաշարման մեջ։ Ասվածը չի նշանակում, որ Երևանը կամ Հայաստանի մնացած բնակավայրերը պետք է դադարեին ապրել, բնավ: Բայց Արցախում տեղի ունեցողը հաշվի առնելով՝ կարելի էր ու է՛, ի նշան համերաշխության, թեկուզ ցուցադրաբար, մի քանի օր հրաժարվել բնականոն կյանքի իմիտացիա ապահովող պերճանքից։ Ասեմ ավելին, օրինակ՝ կարելի էր գլխավոր տոնածառի ու հրապարակի պատերի լույսերն անջատել՝ ի նշան բողոքի։ Միաժամանակ էլ ավելի դժվար է անջատել հազարավորների մտքում առկայծող սպառողական լապտերները, որոնք սնուցվում են արցախցիներին մոռացվածության մատնելու սեփական ու իշխանական անմարդկայնության արդարացումներով։

Գիտեմ՝ դուք էլ եք համաձայն ինձ հետ․ այսօր Հայաստանում անհետացել է ամոթը՝ ամենապարզ, ամենամարդկային ամոթը, որն անհատական ու հանրային բարոյականության հիմնասյուներից մեկն է։ Մենք ապրում ենք առանց այդ հիմնասյան՝ մեզ մոլորեցնելով, թե առանց դրա, օդից կախված վերնաշենքը ինչ-որ հրաշքով կարող է չփլվել։ Ի դեպ՝ նշված ամոթի բացակայությունն ամենուր է՝ անհատական, կենցաղային մակարդակից՝ մինչև իշխանական աշխատասենյակներ, ուղղակի զուտ դրսևորումներն են տարբեր։

Օրը ցերեկով՝ շարքային ոստիկանը առանց մարդկային ու մասնագիտական ամոթի, պաշարում է տոնածառը, շարքային վարչապետ կոչվածն  էլ, առանց սեփական ու պետական արժանապատվության, բարբաջում է ադրբեջանցիների համար ճանապարհներ բացելու պատրաստակամության մասին՝ այն պահին, երբ ադրբեջանցիները փակել են արցախցիների կյանքի ճանապարհը և սպառնում են հերթական ցեղասպանությամբ։

Բարոյական աքսիոմներից է, որ ամոթը՝ որպես անհատական ու հանրային կյանքի ինստիտուտ, մարդուն ու հասարակությանը զսպում է արատներին տրվելու գայթակղությունից։ Անամոթությունը, ահա, ճանապարհ է բացում բոլոր արատների համար՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ հանրային ու պետական մակարդակներով։ Նաև չմոռնաանք, որ նույն ամոթը, հիշողության հետ մեկտեղ, մեզ բոլորիս կենդանիներից զատող գլխավոր հատկանիշներից է ու, թերևս, պատահական չէ, որ ամոթը կորցնում ենք հիշողության կորստին ուղիղ համեմատական արագությամբ։

Արմեն Հովասափյան