Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի
5-ին Ադրբեջանն ու Թուրքիան իրականացրեցին հերթական լայնամասշտաբ զորավարժությունները՝ «Եղբայրական բռունցք» կարգախոսով։ Ի դեպ՝ այս անգամ զորավարժություններին տրվել էր
հավելյալ կարևորություն զորավարժությունների մասնակիցների պարգևատրումներով, բարձրաստիճան
հեռախոսազանգեր-շնորհավորանքներով ու զորավարժությունների անցկացման վայրում երկու
երկրներից բարձրաստիճան զինվորական ներկայությամբ: Նշենք, որ զորավարժությունները տեղի
էին ունենում Բաքվում, ինչպես նաև Աստարայի, Ջեբրայիլի և Իմիշլիի շրջաններում:
Հատկանշական է այն, որ
զորավարժություններին հետևելու նպատակով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի
Աքարից բացի, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի ամբողջ զինվորական վերնախավը՝ գլխավոր
շտաբի պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մուսա
Ավսևերը, օդային ուժերի հրամանատար բանակի գեներալ Աթիլա Գյուլանը, ռազմածովային ուժերի
հրամանատար ծովակալ Էրջումենթ Թաթկիօղլուն, բարձրաստիճան այլ սպաներ և Ադրբեջանի բանակի
ղեկավարները: Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության՝ զորավարժություններին մասնակցում
են տարբեր տիպի զորքերի ստորաբաժանումներ՝ հետևակ, օդուժ, ինժեներներ, սակրավորներ,
հատուկ տեխնիկա:
Ըստ էության՝ թուրք-ադրբեջանական
մամուլը չի թաքցնում, որ զորավարժություններն առաջին հերթին ուղղված էին Հայաստանի
ու Իրանի դեմ, որը վերջերս զորավարժություններ էր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝
դրանով հարուցելով Բաքվի ռեժիմի հիստերիան: Ի դեպ՝ նման մեծ շուքով զորավարժություն
անցկացնելը թույլ է տալիս ենթադրել, որ ուժի ցուցադրման թիրախը ոչ այնքան Հայաստանն
է, որքան Իրանը: Ակնհայտ է, որ վերջին շրջանում ադրբեջանաիրանական հարաբերությունների
լարվածությունն ակնհայտորեն շարունակում է աճել, որի գլխավոր պատճառն Իրանի աջակցությունն
է ՀՀ տարածքային ամբողջականությանը և հստակ դեմ դիրքորոշումը միջանցքներ բացելու մտադրություններին,
որի համար Իրանը և՛ ռազմական ուժ ցույց տվեց, և՛ նոր հյուպատոսարան բացեց Կապանում, և՛ ակտիվացրեց ռեգիոնալ դիվանագիտությունը:
Կարևոր է արձանագրել,
որ Իրանի դեմ նման վստահ մանևրների պատճառը նաև Արևմուտքի վերջին շրջանի կոշտ հակաիրանական
դիրքավորումն է, որը ոգևորում է Ադրբեջանին: Դրան զուգահեռ՝ Իսրայելի ներկայությունը
Իրանի հարևանության գոտում աճում է, այդ թվում՝ Ադրբեջանում, դա ևս Ադրբեջանի ու Իրանի
արտաքին քաղաքական որոշումների վրա ազդող գործոն է: Ի դեպ՝ դա նաև Մոսկվայի վրա ազդող
գործոն է, քանի որ, ինչպես տեսնում ենք, Թեհրանն ու Մոսկվան ուկրաինական ճակատին զուգահեռ՝
խորացնում են իրենց ռազմաքաղաքական հարաբերությունները, ինչպես նաև դաշինքը՝ Հարավային
Կովկասում, ինչը նշանակում է, որ Թեհրանի դեմ քայլերը պետք է մտահոգեն նաև ՌԴ-ին:
Ինչպես ցույց է տալիս
տարաաշրջանի ընդհանուր բաշխավածությունը՝ «Եղբայրական բռունցք» զորավարժությունները
նպատակ ունեին նաև որոշակի ուղերձներ փոխանցել Իրանին, և, որպես պատճառ, ներկայացվում
էր, թե Իրանն է զորավարժություններ իրականացրել: Իրականում տարածաշրջանունում, այս ժամանակահատվածում, Իրանը երբեք ակտիվ զորավարժություններ չի իրականացրել, քանի դեռ հարցը չի
հասել իր անվտանգությանը:
Ներկայումս Իրանը ունի թե՛ ներքին, թե՛ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք փորձում է լուծել, սակայն կարմիր գծերի փոփոխությունն ամեն դեպքում անթույլատրելի է Իրանի համար: Ստեղծված իրավիճակում Իրանն իր դիրքորոշումը քանիցս ներկայացրել է, դա արժանանում է սուր արձագանքի, քանի որ Իրանի կարծիքը չի կարող հաշվի չառնվել: Իրանը մշտապես խաղաղություն է փնտրում իր հարևանների հետ, աջակցում բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և այս դիրքորոշումները երբեք ու որևէ պարագայում չեն փոխվում, չի պատահում երկակի մոտեցում: Նա այնուամենայնիվ վստահ, սակայն զգուշավոր է գործում, նպատակադրված լինելով բոլոր հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական եղանակներով և ոչ հակառակը: Այս ֆոնին ուշադրության է արժանի, օրերս Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե «տարածաշրջանային 3+3-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»: Մենք տեսնում ենք, որ Իրանը շարունակում է շահագրգռված լինել այս պրոյեկտի հեռանկարով:
Արմեն Հովասափյան









