Թունիսի գլխավոր ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, որ երկրի նախագահ Քաիս Սաիդը պետք է հրաժարական տա, քանի որ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 9%-ից էլ քիչ մարդ, գրում է BBC-ն։
Ազգային փրկության ճակատի ղեկավար Նեջիբ Չեբբին հայտարարել է, որ շաբաթ օրը կայացած քվեարկությունը «ֆիասկո» էր եւ կոչ է արել զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնել՝ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով:
Քվեարկությունը չի ընդունվել ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի կողմից: Նրանք Սաիդին մեղադրում են 2011 թվականի ապստամբությունից հետո ձեռք բերված ժողովրդավարական առաջընթացը տապաելու հարցում, ինչը նախագահը հերքում է:
2021 թվականի հուլիսին վարչապետի պաշտոնանկությունից եւ խորհրդարանի աշխատանքների դադարեցումից մեկ տարի հետո Սաիդը նոր սահմանադրություն է ընդունել՝ աապահովելով իր միանձնյա իշխանությունը քվեարկությունից հետո, որը նույնպես չի ընդունվել խոշոր ընդդիմադիր կուսակցությունների կողմից:
Նոր սահմանադրությունը փոխարինում է 2011 թվականի Արաբական գարնանից անմիջապես հետո մշակված սահմանադրությանը, որի ժամանակ Թունիսում տապալվել էր հանգուցյալ բռնապետ Զին ալ-Աբիդին Բեն Ալին: Սահմանադրությամբ պետության ղեկավարին տրվել է լիակատար վերահսկողություն գործադիր իշխանության եւ բանակի բարձրագույն հրամանատարության վրա։
64-ամյա Սաիդն նշել է, որ նման լիազորություններն անհրաժեշտ են «քաղաքական կաթվածի եւ տնտեսական անկման արատավոր շրջանակը կոտրելու համար»։
Թունիսի ընտրական մարմինները շաբաթ օրը հաղորդել են, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է մոտ ինը միլիոն ընտրողների 8,8 տոկոսը:
«Ազգային փրկության ճակատը», որը մի քանի քաղաքական կուսակցությունների կոալիցիա է, նույնպես կոչ է արել զանգվածային ցույցեր եւ նստացույցեր անցկացնել։
Նախագահը դեռեւս որեւէ հրապարակային մեկնաբանություն չի արել այդ կապակցությամբ:









