Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքը Ադրբեջանի կողմից շրջափակելը հումանիտար ճգնաժամ է առաջացրել Արցախում: Իսկ որքանո՞վ են Հայաստանի և Արցախի իշխանությունների քայլերը համարժեք իրադրությանը: «Ճիշտ է՝ Արցախի Անվտանգության խորհուրդը երեկ հայտարարություն ընդունեց իրադրության վերաբերյալ, բայց այն «անատամ» է»,- Vesti.am-ի հետ զրույցում ասած ԱԺ նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքի նկատմամբ ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Արցախի իշխանությունները ոչ մի իրավասություն չունեն և այն բացառապես ռուս խաղաղապահների իրավասության ներքո է, Վահե Հակոբյանը սխալ է համարում: «Ռուբինյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն է տանում՝ փորձելով իրենց վրայից գցել պատասխանատվության բեռը: Հիմա ՀՀ իշխանությունները պետք է կրկին առաջ քաշեն «անջատում հանուն փրկության» բանաձևը: Հարկավոր է ինտենսիվ աշխատանք տանել միջազգային հանրության շրջանակներում: Թեև Մինսկի խումբը փաստացի չի գործում, բայց Հայաստանի ղեկավարները երկկողմ ձևաչափով պետք է հանդիպեն բոլոր համանախագահներին, խոսեն այդ երկրների ղեկավարների հետ: Հայաստանի արգործնախարարությունը պետք է անհապաղ խորհրդակցություններ անցկացնի բարեկամ երկրների՝ Կիպրոս, Իրան և այլն, գործընկերների հետ: Անգործության կամ պատասխանատվությունից խուսափելու ժամանակը չէ»,-ասաց նա:
Վահե Հակոբյանը կարծում է, որ Արցախի, արդեն պարբերական դարձած, շրջափակումը պատեհ առիթ է, որպեսզի շտապ գործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը, որը հիմա գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: «Օդանավը կա, օդանավակայանը կարող է թռիչքներ ընդունել: Հարկավոր է ուղղակի շտապ կազմակերպել չվերթներ, տոմսեր վաճառել, իսկ, անվտանգության նկատառումներից ելնելով, տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի»:
Նկատի ունենալով խնդրի քաղաքական կողմը և հնարավոր զարգացումների սցենարները՝ Վահե Հակոբյանը կարծում է, որ պետք է նաև մեծացվի ռուս խաղաղապահների կոնտինգետնը, երկարացվի նրանց առաքելության ժամկետը: «Այս ամենը հենց ՀՀ իշխանությունների անելիքն է»,- եզրափակեց Վահե Հակոբյանը:









