Foto

Շուշիի շրջանի չորս համայնք առաջին անհրաժեշտության ապրանքներ չի կարողանում ստանալ մայրաքաղաք Ստեփանակերտից. տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայության պատճառով Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները չեն կարողանում ստանալ առաջին անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես, սննդամթերք, հաց, ալյուր։ «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով»,-ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ: