Շարունակում է փակ մնալ Արցախը ՀՀ-ին և աշխարհին
կապող միակ մայրուղին։ Սա ադրբեջանական հերթական սադրանքն է։ Թեմայի վերաբերյալ Vesti.am զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր
Մետաքսե Հակոբյանի հետ, ով նշեց, որ 270 անչափահաս չի կարողանում վերադառնալ տուն,
որոնց թվում է նաև իր որդին։ Արցախում բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներ
կան։
-
Տիկի՛ն Հակոբյան
ի՞նչ իրավիճակ է այս պահին Արցախում։
-
Արդեն իսկ հումանիտար խնդիրներ են առաջանում։ Այս պահին հիվանդներ
կան, որ պիտի տեղափոխվեն Հայաստան։ Դրանից է կախված նրանց ապրել-չապրելը։ Այս պահին
դեղերի խնդիր չկա, բայց անհանգստացնող է, որ դեղորայք բերելու հնարավորություն չկա։
Նույնիսկ չեմ անդրադառնում պարենային անվտանգությանը և՛ այլն, և՛ այլն։ Այս պահին
270 անչափահաս երեխա գնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ առանց իրենց ծնողների,
որոնք տարբեր միջոցառումների մասնակցելու համար մեկ օրով գնացել էին Հայաստան։ Այդ խմբերից
մեկում իմ որդին է։ Մենք չենք կարող գնալ, ինքն էլ չի կարող գալ։ Դեռևս գործուն քայլեր
չենք տեսնում, որպեսզի ճանապարհը բացվի։ Հակառակը՝
տեսնում ենք Ադրբեջանի կողմից մարդկանց քանակի ավելացում։
-
Ի՞նչ սպասելիքներ
ունեք Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններից և ՌԴ խաղաղապահներից։
- Գիշերն անդադար ռեժիմով աշխատել ենք։ Եղել է նաև Արցախի ԱԽ նիստ։ Այսօր հերթական անգամ փաստեցինք մեր միասնականությունն այն առումով, որ անկախ նրանից՝ ինչ պահանջներ ունի Ադրբեջանը և ինչ դիրքորոշում ունի Հայաստանը և Ռուսաստանը, մենք միասնական ենք։ Եթե իրենք որոշեն, որ այսպես կոչված «բնապահպանները» կարող են անցնել և գնալ հանքեր, ապա միևնույն է մենք թույլ չեն տալու և մեր համար այն կատարելու որևէ պայման լինել չի կարող։ Այս ամենի պատասխանատվությունը կրում են և՛ ՀՀ վարչապետը, և՛ Արդբեջանի, և՛ Ռուսաստանի նախագահները։ Իրենց նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն է, որն Ադրբեջանն ինչ-ինչ պատճառներով հիմա չեղարկում է։ Մեր իշխանությունների հետ կա համագործակցություն, օպերատիվ շտաբ է ստեղծվելու, որ որոշումները միանձնյա չլինեն։ Մեր ԱԺ-ն նիստ արեց, որտեղ հայտարարություն ընդունվեց և կան հստակ հասցեատերեր, որոնց նաև գրավոր կուղարկվի։ ՀՀ իշխանությունից պահանջել ենք տեր կանգնել ստորագրությանը, ՌԴ-ից ակնկալում ենք իր գործուն միջամտությունը, որովհետև ինքը ևս ստորագրել է այդ հայտարարության տակ։ Դիմել ենք նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ պետություններին, որ իրենց քայլերով ոչ միայն դատապարտեն (թեև մինչև այժմ դա էլ չենք տեսել), այլև գործուն քայլեր անեն, որպեսզի այս իրավիճակը շտկվի։ Դիմել ենք նաև սփյուռքի մեր հայրենակիցներին, որ իրենց բոլոր կապերն օգտագործեն՝ միջազգային հանրությանը ևս տեղեկացնեն։ Արձագանք չկա՝ մաքսիմումը, որ տեսել ենք, դա ՀՀ ԱԳՆ հայտարարություն է, որը ոչինչ կլինի, եթե դրան չհետևեն կոնկրետ գործուն քայլեր։ Այս հարցը պետք է լուծվի քաղաքական մակարդակում, ՌԴ խաղաղպահներն իրենց տեղում են․ ոչինչ անել չեն կարող։









